12:38 | 05.03.16 | Նորություններ | 1632

Windows 10 Mobile-ի հնարավորությունները ներկայացվել են Երեւանում

Այս շաբաթ Երեւանում Microsoft-ի հայաստանյան գրասենյակը  եւ Microsoft Lumia-ի ռուսաստանյան գրասենյակը ներկայացրել են Windows 10 օպերացիոն համակարգի մոբայլ տարբերակը եւ դրանով աշխատող հեռախոսները:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայացած միոցառման ժամանակ Lumia փորձագետ Դավիթ Բաբայանը ներկայացրել է նոր մոբայլ օպերացիոն համակարգի բոլոր առանձնահատկությունները, Windows 10 համակարգչային եւ մոբայլ տարբերակների նմանությունները:

«Նախորդ տարվա վերջին Microsoft ըներությունը թողարկեց հեռախոսներ՝ Lumia 950/XL, Lumia 550, որոնք աշխատում են Windows 10 օպերացոն համակարգով, իսկ այս տարվա փետրվարին թողարկվեց թվով 4-րդ՝ Lumia 650 սմարթֆոնը, որն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով։ Բացի այդ, շատ շուտով շատ հեռախոսներ, որոնք աշխատում են Windows 8․1-ով կստանան Windows 10-ի թարմացում»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է Դավիթ Բաբայանը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաեւ նոր Continuum Display Dock-ը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին օգտագործել հեռախոսը՝ որպես լիարժեք համակարգիչ:

Դավիթ Բաբայանի խոսքով` սարքը թույլ է տալիս միացնել հեռախոսին ինչպես սարքեր, որոնք օգտագործվում են բոլոր համակարգիչներում, օրինակ՝ մկնիկ, ստեղնաշար, հիշողության կրիչներ եւ այլն, այնպես էլ ոչ ստանդարտ նեղ մասնագիտական սարքեր՝ գրաֆիկական թաբլեթ, երաժշտական ինտերֆեյս, խաղային ժոյստիկ: Նա նշել է, որ մյուս օպերացիոն համակարգերը նմանատիպ հնարավորություններ չունեն:
 
Միջոցառման մասնակիցներից էր «Անահիտ» մուլտֆիլմի անիմատորներից Դանիել Գրիգորյանը, որը ,փորձարկելով իր գրաֆիկական թաբլեթը, նկարել է մարդու դեմք՝ օգտագործելով Lumia 950-ը եւ Continuum Dock-ը:

Դանիել Գրիգորյանի խոսքով՝ արդյունքն իրեն զարմացրել է, եւ պրոֆեսիոնալ ծրագրերի առկայության դեպքում կփոխարինի իր լափթոփն այդ հեռախոսով:

Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաեւ Lumia 650-ի հայաստանյան թողարկումը:

Նարինե Դանեղյան