17:23 | 01.03.16 | Նորություններ | 4431

Beeline-ն ապամոնտաժում է Սախարովի հրապարակի գովազդային պաստառը

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ Հրշեջների շենքին փակցված գովազդային պաստառի ապամոնտաժման վերաբերյալ:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Beeline-ը որոշում է կայացրել ապամոնտաժել Սախարովի հրապարակում Հրշեջների շենքին փակցված գովազդային պաստառը:

Այս թեմայով շահարկումներին մեկընդմիշտ վերջ տալու նպատակով ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ այս որոշումը կայացվել է ի պատասխան մեր բաժանորդների բազմաթիվ խնդրանքների: Հանդիսանալով հաճախորդամետ ընկերություն՝ մենք մշտապես մեծ ուշադրություն ենք դարձնում բաժանորդների ցանկություններին, ինչպես նաեւ նրանց կողմից ստացված հետադարձ կապին:
Մեր սիրելի Beeline բաժանորդներ, անկեղծորեն հավատում եմ, որ այս որոշումը հերթական անգամ կապացուցի մեր սերն ու հարգանքը ձեր նկատմամբ»,- ասել է Անդրեյ Պյատախինը:

Միաժամանակ, նա դիմել է նրոնց, ովքեր ստեղծված իրավիճակն օգտագործել են սեփական PR-ի համար:

«Մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, սակայն կասեմ հիմնականը: Beeline-ը բրենդ է, որը ծառայություններ է մատուցում 14 երկրում, եւ յուրաքանչյուր երկրում այն իրենից ներկայացնում է մեծ եւ միջազգային կառուցվածք` ընթացակարգերով, ներքին ռազմավարությամբ եւ նորմատիվ ակտերով, որոնք ի սկզբանե կազմված են երկրի օրենքներին համապատասխան: Մենք ծայրահեղ հետեւողական ենք օրենքին, եւ մեր բոլոր գործողությունները խստորեն համապատասխանում են վերջինիս պահանջներին:

Նաեւ կցանկանայի հիշեցնել, որ Beeline-ը, որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, 2008-ից ի վեր ներդրել է նշանակալի միջոցներ երկրում մշակութային եւ սոցիալական ծրագրերի իրականացման համար: Որպես ընկերություն` մենք առաջիններից մեկն ենք երկրի մշակութային ոլորտի պահպանման եւ զարգացման, ինչպես նաեւ հայ ժողովրդի ավանդույթներն ու ազգային արժեքները սերնդեսերունդ փոխանցելու եւ դրանք պահպանելու գործում կատարած ներդրումների թվով: Մենք շատ ենք հպարտանում կատարված աշխատանքով, ինչպես նաեւ նրանով, որ ինքներս ենք հանդիսանում հայ ժողովրդի ձեռքբերումներից մեկը եւ մի մասնիկը. չէ՞ որ Beeline-ի պատմությունը եւ Հայաստանի հեռախոսաապի պատմությունը ավելի քան 100 տարի առաջ սկիզբ է առել այն տարածքում, որն այժմ կոչվում է Ամիրյան փողոց: Կարելի է ասել. «Beeline-ը բնիկ երեւանցի է»,- նշել է Անդրեյ Պյատախինը:

Նա տեղեկացրել է, որ ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են այսօր առավոտյան։