15:27 | 15.01.16 | Նորություններ | 1804

Քննարկվում է ՏՏ ազգային ծրագիր ունենալու հարցը, ասել է վարչապետը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ քննարկվում է ՏՏ ազգային ծրագիր ունենալու հարցը, եւ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործվեն՝ այն կյանքի կոչելու համար:

Վարչապետն այս մասին ասել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն կատարած շրջայցի ընթացքում:

«Կառավարությունը շարունակելու է հետեւողականորեն աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

«Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ եւ հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ ունեցող շրջանավարտներով:

«Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ շրջանավարտների մեծ մասն աշխատում է ընկերությունում, ինչպես նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում գործող ՏՏ ոլորտի այլ ընկերություններում:
 
Վարչապետն արդյունավետ է համարել արտադրություն-բուհ մոդելի կիրառումը որակյալ կադրեր պատրաստելու տեսանկյունից եւ նշել, որ առաջիկայում կառավարությունը քննարկման առարկա կդարձնի նաեւ մյուս բուհերի հետ ընկերության համագործակցությունը խթանելու հարցը: