11:28 | 22.12.15 | Նորություններ | 4189

Վճռաբեկը որոշել է՝ «ԱրմենՏելը» պետբյուջե կվճարի 20 մլն դրամ տուգանքը

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ «ԱրմենՏել» ընկերությունը պարտավորվում է պետական բյուջե վճարել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կիրառած 20 մլն դրամ տուգանքը:

ՏՄՊՊՀ-ում հիշեցնում են, որ «Օրանժ Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա 2013թ. հարուցվել էր վարչական վարույթ:

Վարույթի հիմք է հանդիսացել այն, որ «ԱրմենՏել» ընկերության մեկնարկած «Պարզից Պարզ» անվանմամբ սակագնային փաթեթը կրկնօրինակում էր մրցակից ընկերության՝ «Օրանժ Արմենիայի»  «Պարզ» անվանումով փաթեթին: Ընդ որում, վերջինը վերոնշյալ անվանումը  դեռեւս 2011-ին գրանցել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան:

Բացի այդ, «ԱրմենՏել» ընկերության «Պարզից Պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված էին նարնջագույն եւ կարմիր գույներով ներկված բիլիարդի գնդակներ՝ ակնհայտորեն մատնացույց անելով շարժական կապի մյուս 2 օպերատորներին, որոնք խաղի ընթացքում համարվում են պարտված:

Վարույթի ընթացքում հանձնաժողովը փաստել էր, որ «ԱրմենՏելի» նման վարքագիծը վնասում է մյուս օպերատորների համբավին եւ գործարար վարկանիշին, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է:

ՏՄՊՊՀ որոշմամբ՝ օրենքի խախտման համար, «ԱրմենՏելը» տուգանվել էր 20 միլիոն դրամի չափով եւ պարտավորվել սեղմ ժամկետներում վերացնել խախտումը: 

«ԱրմենՏելը» ՏՄՊՊՀ որոշումը բողոքարկել է դատական կարգով: Դատական բոլոր 3 ատյաններում հանձնաժողովի որոշումը մնացել է անփոփոխ՝ ուժի մեջ: