16:36 | 17.12.15 | Նորություններ | 1374

    WhatsApp-ը երկու օրով «լռեցրել են» Բրազիլիայում

    Բրազիլական դատարանն այսօր որոշել է 48 ժամով արգելափակել Facebook-ին պատկանող WhatsApp մեսենջերը, որի օգտատերերի թիվն այդ երկրում ավելի քան 10 մլն է:

    Ինչպես հաղորդում է Reuters-ը, Բրազիլիայի դատարանը տեղական պրովայդերներին պարտադրել է արգելափակել հայտնի ծառայությունը՝ այս տարվա հուլիսին հարուցված քրեական գործի շրջանակում դատարանի որոշումը չկատարելու պատճառով:

    «Մենք հիասթափված ենք WhatsApp-ն արգելափակելու այս կարճաժամկետ որոշմամբ. հաղորդակցման գործիք, որից կախված են բազմաթիվ բրազիլացիներ, եւ տխուր է  տեսնել, որ Բրազիլիան իրեն մեկուսացնում է ամբողջ աշխարհից»,- Facebook-ում գրել է WhatsApp-ի գործադիր տնօրեն Յան Կոմը:

    Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության՝ արգելափակումը կարող է կապված լինել թմրաբիզնեսով զբաղվող՝ Սան Պաուլոյի ամենամեծ եւ վտանգավոր ավազակախմբերից մեկի անդամներից մեկի հետ, որը WhatsApp-ի ծառայություններն օգտագործել է հանցագործություններ կատարելու նպատակով: Տեղեկատվությունը սակայն ճշտված չէ:

    Թեմային անդրադարձել է նաեւ Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

    «Մենք լրջորեն զբաղվում ենք արգելափակումը հանելու ուղղությամբ: Մինչ այդ դուք կարող եք հաղորդակցվել Facebook Messenger-ի միջոցով:

    … Այսօր տխուր օր է Բրազիլիայի համար: Մինչ օրս Բրազիլիան մեզ համար դաշնակից էր՝ բաց ինտերնետ ստեղծելու ճանապարհին, եւ բրազիլացիներն ամենաակտիվներից էին՝ իրենց ձայնն օնլայն լսելի դարձնելու հարցում»,- ասել է Facebook-ի համահիմնադիրը:

    Մարկ Ցուկերբերգը հույս է հայտնել, որ բրազիլական դատարանն արագ կվերացնի արգելքը: 

    «Եթե դու բրազիլացի ես, խնդրում ենք այնպես անել, որ քո ձայնը լսելի լինի, եւ օգնի քո կառավարությանն արտացոլել քո ժողովրդի կամքը»,- կոչ է արել Facebook-ի համահիմնադիրը:

    Ուշագրավ է, որ Telegram միկրոբլոգի Twitter-ի պաշտոնական էջը հայտնել է, որ WhatsApp-ի արգելափակման պատճառով միայն 1 օրում իրենց բրազիլացի օգտատերերի թիվն ավելացել է ավելի քան 1 մլն-ով: