10:55 | 17.12.15 | Նորություններ | 8452

«Օրանժ Արմենիայի» ինտերնետի որակը կբարելավվի

«Յուքոմ» ընկերությունը տեղեկացնում է, որ «Օրանժ Արմենիայի» բաժանորդներն առաջիկայում կօգտվեն ավելի կայուն եւ որակյալ կապից:

Կապի բարելավումը հնարավոր կդառնա «Օրանժ Արմենիայի» շարժական կապի կայանների` «Յուքոմի» օպտիկամանրաթելային կապուղիներին միացնելու շնորհիվ: Ցանցի վերազինման գործընթացը մեկնարկել է Երեւանում եւ մյուս մարզերում:

«Օրանժ Արմենիա» եւ «Յուքոմ» ընկերությունների ղեկավարներն այսօր այցելել են Կոտայքի մարզ՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին:

«Արդեն սկսել ենք մեծածավալ ներդրումներ կատարել «Օրանժ Արմենիայի» ցանցային ենթակառուցվածքում, ինչը թույլ կտա էականորեն բարելավել մատուցվող ձայնային եւ ինտերնետ ծառայությունների որակը: Մեկնարկած գործընթացը բավական լայնածավալ է եւ նախատեսում է կարճ ժամանակահատվածում «Օրանժ Արմենիայի» բոլոր բազային կայանների միացումը «Յուքոմ» ընկերության օպտիկամանրաթելային ցանցին»,- նշել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

«Շարունակում ենք միջոցառումներ ձեռնարկել «Օրանժ Արմենիայի» ծածկույթի ընդլայնման եւ ցանցի վերազինման ուղղությամբ: Մեր ցանցային ենթակառուցվածքի այս բարելավումը, որն ի դեպ իրականացվում է ամբողջ երկրի տարածքում, հնարավորություն կտա ավելի կայունացնել մատուցվող ինտերնետ ծառայությունների արագությունը, այն նաեւ հիմք կստեղծի մոտ ապագայում նոր սերնդի ծառայությունների մեկնարկման համար»,- ասել է «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը: