16:34 | 14.12.15 | Նորություններ | 1373

Աղվերանում հանդիպել են ՏՀՏ լիդերները

Դեկտեմբերի 12-13-ին Աղվերանում կայացել է ՏՀՏ լիդերների տարեվերջյան հանդիպում-ֆորումը՝ նվիրված տեխնոլոգիական կրթության եւ Հայաստանի ՏՏ առաջխաղացման հարցերին:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միությունից (ԻՏՁՄ) տեղեկացրել են, որ քննարկվել են  ինժեներական համալսարանական կրթության բաղադրիչները, ինչպես  նաեւ ինժեներական մասնագիտական կրթության ոլորտում պետական քաղաքականությունը, Պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա Երեւանի միջազգային տեխնոլոգիական ինստիտուտ ստեղծելու ծրագիրը, ՏՏ եւ հարակից մասնագիտություններով միջին մասնագիտական կրթությունը խթանելու եւ մասնակի (կարճաժամկետ) բակալավրիատի հիմնման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կրթության որակի հիմնախնդիրները։
 
Օրակարգում ներառված էր նաեւ հանրակրթական համակարգում ինժեներական կրթության ներդրման ծրագրերը, մասնավորապես դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրումը եւ 2016թ. գործողությունների ծրագիրը:

Հայաստանի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման ծրագրի շրջանակում ՎՕԼՕ ընկերությունը հանդես է եկել հայկական տեխնոլոգիական ապրանքանիշի կիրառման հաջողության պատմությամբ, ներկայացրել է «Ի՞նչու Հայաստան» պլատֆորմը:

Ֆորումի ավարտին ԻՏՁՄ անդամները ներկայացրել են Եթովպիայում Հայաստանի ՏՏ առաջխաղացման ծրագիրը եւ 2016թ. նախատեսվող գործողությունները:

ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումն անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ սկսած 2007-ից: Հարթակը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վեր հանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություն: