16:21 | 10.12.15 | Նորություններ | 5080

Ռոստելեկոմի լրագրողական մրցույթին կարող են մասնակցել նաեւ հայ լրագրողները

«Ռոստելեկոմը» «ZTE» կորպորացիայի հետ համատեղ հայտարարել է, որ «Տեխնոլոգիաներ կյանքի համար - առավել հնարավորություններ» խորագիրը կրող 5-րդ միջազգային լրագրողական մրցույթին կարող են մասնակցել նաեւ հայ լրագրողները:

Մրցույթն անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ եւ որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների եւ բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով:

Նշվում է, որ մրցույթի գլխավոր մրցանակակիրը 2016թ. աշնանը ռուսաստանյան պատվիրակության կազմում կայցելի  Չինաստանի Շենչժեն քաղաքում գտնվող ZTE ընկերության գլխամաս: Յուրաքանչյուր տարի նախագծին մասնակցում են ավելի քան 500 ԶԼՄ ներկայացուցիչ Ռուսաստանից եւ Հայաստանից։

Մասնակցության հայտ ներկայացնելու համար մինչեւ 2016թ. ապրիլի 10-ը անհրաժեշտ է գրանցվել այստեղ: Մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես ռադիո եւ հեռուստատեսության, այնպես էլ տպագիր (թերթեր, ամսագրեր) եւ առցանց ԶԼՄ-ներում, սոցիալական մեդիայում (բլոգեր) հրապարակված աշխատանքները։

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր աբստրակցիա չեն, այլ բացարձակ օգտակար եւ առաջին անհրաժեշտություն երեւույթ, առանց որի դժվար է պատկերացնել մեր կյանքի գեթ մեկ օր։ Մեծ ուրախությամբ հրավիրում եմ բոլոր լրագրողներին մասնակցելու մրցույթին եւ հաղթելու»,-հայտարարել է «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի արտաքին կոմունիկացիաների դեպարտամենտի տնօրեն Կիրա Կիրյուխինան։

«ՏՏ ոլորտը լուսաբանելու եւ վերլուծելու կարիք շատ ունի, իսկ մրցույթը մոտիվացնում է լրագրողներին, նրանք առավել մեծ թվով հետաքրքրաշարժ եւ դիտարժան նորություններ են ներկայացնում։ «Ռոստելեկոմը» եւ ZTE կորպորացիան դեռ այս տարվա հունիսին էին հայտարարել հայաստանյան շուկայում ռազմավարական համագործակցության, մասնավորապես IPTV/OTT (Over the Top) ինտերակտիվ պլատֆորմի ձեւավորման, ամպային նորագույն տեխնոլոգիական լուծումների (Cloud Technologies), տվյալների փոխանցման գերհզոր համակարգերի ներդրման ու զարգացման, այլ մի շարք կարեւոր ուղղությունների շուրջ ակտիվ համագործակցության մեկնարկի մասին։ Համոզված եմ, որ Չինաստանում կորպորացիայի գերժամանակակից լուծումներին ծանոթանալ կշտապեն շատերը։ Հաջողություն եմ մաղթում բոլորին»,-ասել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

««ZTE» ընկերության եւ «ZTE-Սվյազտեխնոլոգիա» կորպորացիայի ռուսաստանյան ներկայացուցչության համար մեծ պատիվ է աջակցել «Ռոստելեկոմին» այս մրցույթի անցկացման համար եւ ներկայացնել առաջատար լրագրողներին եւ բլոգերներին նորագույն տեխնոլոգիաները անմիջապես մեր գլխամասում, որը գտնվում է Շենչժենում»,- հայտարարել է Ռուսաստանում ZTE կորպորացիայի ավագ փոխնախագահ Տիգրան Պողոսյանը։

Նշենք, որ մրցույթի Հայաստանյան ժյուրիի կազմում են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը:

2014-2015թթ մրցույթի հաղթող էր ճանաչվել հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը, որը ռուս մասնակիցների հետ հոկտեմբերին այցելել էր Չինաստան։