14:06 | 09.12.15 | Հոդվածներ | exclusive 7358

Topdoctors.am. բժիշկ-հիվանդ հարաբերությունները` օնլայն

Topdoctors.am հարթակը, որտեղ ներկայում 850 բժիշկ է ներկայացված, առողջական խնդիրներ ունեցողներին հնարավորություն է տալիս օնլայն կապ հաստատել անհրաժեշտ բժիշկների ու բժշկական հաստատությունների հետ: 

Հարթակի համահիմնադիրներն են Հայկ Մանթաշյանը եւ Նորայր Ամիրխանյանը:

Itel.am-ին Հայկ Մանթաշյանը պատմել է, որ կայքը միանգամից մի քանի խնդիր է լուծում։

«Առաջին հերթին, այն թույլ է տալիս հասկանալ, թե ինչ մասնագետի դիմել, երբ բժիշկի կարիք ունես։ Եթե, օրինակ, հարկավոր է դիմել ակնաբույժի, ապա կայքում գտնում ես ակնաբույժների ցանկը, կարդում մարդկանց կարծիքները, կողմնորոշվում, այցելում համապատասխան հիվանդանոց եւ վերջում տպավորություններով կիսվում։ Հաջորդ խնդիրը բժիշկ–հիվանդ հարաբերությունները նոր մակարդակի բերելն է։ Երբ պարզ է դառնում, որ այդ հարաբերությունները կարող են հանրային քննարկման առարկա դառնալ, մասնագետների կողմից ոչ կոռեկտ պահվածքը նվազագույնի է հասցվում»,- նշում է Հայկ Մանթաշյանը:



Հարթակում բժիշկների գրանցումը կատարվում է օգտատերերի կողմից, ինչից հետո բժիշկը կարող է հաստատել իր էջը, կարգավորել այն, ավելացնել մասնագիտական ինֆորմացիա, պատասխանել կարծիքներին։  Մյուս կարեւոր գործառույթն էլ «վստահության ինդեքսն» է։

«Օգտատեր Ա-ն, որը մի քանի անգամ այցելել է բժիշկ Բ-ին, նշում է, որ բժիշկ Բ-ն իր կողմից վստահելի է։ Հաջորդ անգամ, երբ օգտատեր Ա-ն մեկ այլ մասնագետի կարիք ունի, տվյալ մասնագետների ողջ ցանկի միջով անցնելու փոխարեն նա կարող է տեսնել, թե իր կողմից վստահված բժիշկ Բ-ն որ մասնագետներին է նշում որպես վստահելի, եւ կողմնորոշվել»,- պարզաբանել է Հայկ Մանթաշյանը:  

Մյուս նորամուծությունը, նրա խոսքով, այն է, որ օգտատերերը կարող են կարծիք հայտնել հենց բուժհաստատությունների մասին՝ նշելով, թե ինչպիսին են սանիտարահիգիենիկ պայմանները, ընդունարանի սպասարկման որակը, մատուցվող ծառայությունները, ներքին թղթաբանությունը, որքանով է հաստատությունը կոռումպացված եւ այլն:

Topdoctors-ը հարմար է մոբայլ սարքերից օգտագործման համար։ Սակայն, Հայկ Մանթաշյանի խոսքով, առաջիկայում պլանավորում են նաեւ մոբայլ հավելված մշակել:

Նարինե Դանեղյան