17:21 | 30.11.15 | Նորություններ | 5750

Հայտնի են «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»-ի հաղթողներին սպասվող մրցանակները

«Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը, որը կայանալու է դեկտեմբերի 12-13-ը Վանաձորում, հետաքրքիր եւ արժեքավոր մրցանակներ է խոստանում նորարար եւ տեխնոլոգիական առումով հետաքրքիր գաղափարներ առաջարկող թիմերի համար։

Մրցույթին մասնակցելու համար ներկայում հայտ են ներկայացրել 30-ից ավելի թիմեր Երեւանից, Գյումրուց, Վանաձորից, Գավառից, Իջեւանից, սակայն դիմումները կշարունակեն ընդունվել մինչեւ դեկտեմբերի 4-ը՝ այստեղ:

ՄԻԿ Հայաստանում նշել են, որ հատուկ ուշադրության են արժանանելու փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ամպային տիրույթում լուծումներ (cloud-based solutions) առաջարկող թիմերը։

Մասնավորապես, լավագույն 1-2 թիմերը կենտրոնի կողմից կստանան 400 հազ. դրամ մրցանակ, ինչպես նաեւ՝ կենտրոնի ռեսուրսներից օգտվելու հնարավորություն՝ իրենց գաղափարը կյանքի կոչելու համար։

«Կենտրոնի կողմից տրամադրվող աջակցությունը միայն դրամական մրցանակով չի սահմանափակվի։ Մենք պատրաստ ենք թիմերին աջակցել բիզնես մենթորությամբ եւ տեխնոլոգիական ռեսուրսներով` նրանց գաղափարը պատրաստի պրոդուկտ դարձնելու եւ տեղական ու միջազգային շուկաներում  վաճառելու համար»,- նշել է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» տնօրեն Արտաշես Վարդանյանը:

ՄԻԿ Հայաստանը նաեւ երկու հետաքրքիր ստարտափի կընդգրկի իր ստարտափ աքսելերացիայի ծրագրում:

Մրցույթի անցկացմանն աջակցում է նաեւ Beeline ընկերությունը:

«Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր՝ Beeline-ն այս տարի աջակցել է բազմաթիվ ծրագրերի, որոնք մի կողմից նպաստում են ձեռներեցության էկոհամակարգի զարգացմանը, մյուս կողմից՝ խրախուսում երիտասարդներին թվային տեխնոլոգիաների միջոցով կառուցել իրենց ապագան։ Ես շատ եմ կարեւորում թվային նորարարություններին ուղղված նման նախագծերը եւ համոզված եմ, որ ներկայացված գաղափարներից մի քանիսը կդառնան հերթական նշանակալի երեւույթը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։ Մենք ցանկանում ենք լինել փոխակերպման էպիկենտրոնում եւ այս բնագավառում շարունակելու ենք աջակցել տաղանդավոր երիտասարդներին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Հատուկ մրցանակներ կշնորհեն նաեւ Հանրային լրագրության ակումբը, ԱՄՆ դեսպանությունը: 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կհոգա մասնակիցների տեղափոխումը Երեւան եւ Գյումրի քաղաքներից:

Մրցույթի կազմակերպիչը «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանն է»՝ Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցութամբ:

Մրցույթի կազմակերպմանն աջակցում են Համաշխարհային բանկը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Արմենտել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշով) եւ ԱՄՆ-ում գործող Knight-Mozilla OpenNews-ն։