Ռալֆ Յիրիկյանը
15:51 | 21.11.15 | Նորություններ | 4853
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում շարունակում են ամփոփել 2015 թ.-ին իրականացրած ծրագրերը:
Հերթական նախագիծը Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ գյուղում էր, որտեղ ստեղծվել է լուսավորության 60 կետից բաղկացած արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ: Համակարգը կլուսավորի 1800 մ երկարությամբ տարածություն՝ գյուղի կենտրոնական փողոցի մեծ մասն ու կարեւոր նշանակություն ունեցող եւս երկու փողոց:
Նախիջեւանին սահմանակից Խնձորուտում բնակչության թիվը մոտ 550 է: Արտաքին լուսավորության համակարգն այստեղ չի գործել ԽՍՀՄ փլուզումից ի վեր:
««Այլընտրանքային էներգիա» ծրագիրը լուծում է մի քանի կարեւոր խնդիրներ. փողոցային լուսավորություն սահմանամերձ գյուղերին, ծախսերի խնայողություն, էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալի կրճատում` այսինքն ներդրում շրջակա միջավայրի պահպանության գործում: Բացի այդ, ուրախալի է տեսնել լավատեսություն գյուղացիների աչքերում. լույսն իր հետ բերում է նոր հույսեր, ապահովության զգացողություն եւ ջերմ մթնոլորտ: Սրանք այն բաներն են, որ հիմա շատ անհրաժեշտ են սահմանի մոտ ապրող մեր հայրենակիցներին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Համայնքի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 22:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչեւ 00:00-ը: