17:24 | 13.11.15 | Նորություններ | 3154

Դիլիջանում մեկնարկել է Բիզնես ինովացիոն ֆորումը

Այսօր Դիլիջանում մեկնարկել է Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը, որն անցկացվում է «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասել է, որ պետության խնդիրն է առաջարկել երկրում ՏՏ ոլորտի խթանման ծրագրեր ու մարտավարություններ, սակայն ձեռներեցները նույնպես պետք է ակտիվ լինեն եւ ներդրում կատարեն ոլորտի զարգացման գործում:

«Հայաստանը գլոբալ ինովացիոն ինդեքսում 61-րդ տեղն է զբաղեցնում: Այս վարկանիշը պայմանավորվում է 79 տարբեր ինդիկատորների միջոցով, որոնք խմբավորված են 7 ուղղությունների մեջ: Մենք ավելի լավ վիճակում ենք գիտելիքի ու տեխնոլոգիաների արտադրության առումով եւ շատ ավելի վատ վիճակում ենք մարդկային կապիտալի ու գիտահետազոտական ոլորտներում»,- իր հերթին ասել է ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

Ֆորումի հիմնական խոսնակը Իսրայելի Թել Ավիվի համալսարանի StartTau Ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրեն Ելենա Դոնեթսն է:

«Ինովացիոն երկրների սանդղակում Իսրայելը նախկինում ցածր դիրք էր գրավում: Բայց այսօր Իսրայելը Սիլիկոնյան հովտից հետո համարվում է հաջորդ բարենպաստ վայրը ստարտափեր ստեղծելու համար»,- ասել է իսրայելցի ձեռներեցը՝  կոչ անելով չվախենալ ձախողումներից:

Ֆորումը հովանավորում են BetConstruct ընկերությունն ու «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը (IDeA):

Կարող եք կարդալ նաեւ Itel.am-ի բացառիկ հարցազրույցը Ելենա Դոնեթսի հետ: