11:11 | 04.11.15 | Նորություններ | 755

Twitter-ում «աստղերին» փոխարինել են «սրտերը»

Twitter միկրոբլոգի ամենահայտնի գործառույթներից մեկը՝ Favorites-ը, փոխվել է Likes-ով:

Այսուհետ թվիթները հավանելու համար «աստղ»-երի փոխարեն հարկավոր է «սիրտ» դնել:

Twitter-ում նշել են, որ Like-երը նույն ձեւով են աշխատելու, ինչ Favorite-ները:
 
Ընկերության պրոդուկտ մենեջեր Ակարշան Կումարը Twitter-ի պաշտոնական բլոգում գրել է, որ փոփոխության նպատակն է ավելի հեշտացնել միկրոբլոգի գործածումը:

«Կարելի է շատ բաներ հավանել, սակայն ամեն ինչ չէ, որ կարող է հայտնվել ձեր «սիրելիների» թվում: Սիրտը, ընդհակառակը, ունիվերսալ խորհրդանիշ է, որը նույն նշանակությունն ունի բոլոր լեզուների, մշակույթների եւ ժամային գոտիների համար: Սիրտն ավելի արտահայտիչ է, ու քեզ հնարավորություն է տալիս փոխանցել մի շարք էմոցիաներ եւ հեշտությամբ կապ հաստատել մարդկանց հետ: Թեստավորման ընթացքում մենք պարզել ենք, որ մարդկանց դա դուր է գալիս», -ասել է Ակարշան Կումարը:

Ի դեպ, այսուհետ Likes կկոչվի նաեւ այն բաժինը, որտեղ հավաքվում էին օգտատերերի հավանած թվիթները: