17:04 | 14.10.15 | Նորություններ | 1313

«Արմթեք»-ը հյուրընկալվեց Ստեփանակերտում

Այսօր Ստեփանակերտում կայացել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ «Արմթեք-Կոնգրես-2015» համաժողովը:

Կոնգրեսի ընթացքում քննարկվել են Արցախում ՏՏ ոլորտի զարգացման միտումներին, տեխնոլոգիական կրթության կազմակերպմանը, կադրերի վերապատրաստմանը, միջազգային համագործակցության խթանմանը, ներդրումների ներգրավմանը եւ սկսնակ ընկերությունների կայացմանը վերաբերող հարցեր:

«Համոզված եմ, որ «ԱրմԹեք-Կոնգրես-2015» համաժողովը կհանդիսանա լավագույն հարթակ գործարար շփումների համար եւ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա ծանոթանալու Արցախի տեխնոլոգիական զարգացման ներուժային հնարավորություններին, ինչպես նաեւ քննարկելու, որոնելու  եւ ծրագրելու դրանց իրացման արդյունավետ ուղիները»,- հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Համաժողովին մասնակցել են Հայաստանի եւ Արցախի տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏՏ ոլորտի մասնագետներ եւ ուսանողներ:

Հոկտեմբերի 12-ին «Արմթեք-Կոնգրես-2015»-ն անցկացվել էր Երեւանում: