10:34 | 07.10.15 | Հարցազրույցներ | exclusive 2418

inKin-ի համահիմնադիր. ՀՀ-ն կարող է դառնալ տարածաշրջանի ՏՏ կենտրոնը

Սոցիալական ֆիթնեսի հայ-ռուսական inKin ստարտափը սեպտեմբերի 21-23-ը Սան Ֆրանցիսկոյում մասնակցել է հեղինակավոր TechCrunch Disrupt 2015-ին:

Ստարտափի հիմնադիրներն են Սամվել Չոբանյանը, Զարուհի Մարտիրոսյանն ու Արամ Շահինյանը: Հարթակի ստեղծման պատմության, նպատակների ու TechCrunch Disrupt 2015-ին մասնակցության շուրջ Itel.am-ը զրուցել է Զարուհի Մարտիրոսյանի հետ:

-Ինչո՞ւ որոշեցիք հենց առողջությանը վերաբերող ստարտափ ստեղծել:

- Ստարտափի ստեղծման միտքը ծագել էր դեռեւս անցյալ տարվա օգոստոսին: Մենք մտածում էինք ստեղծել մի հարթակ, որը հնարավորություն կտար մարզվել, ձեռք բերել նոր ընկերներ եւ հետեւել ինչպես սեփական, այնպես էլ հարազատ մարդկանց առողջությանը:

-Ի՞նչ գործառույթներ է իրականացնում inKin-ը:

-Ստարտափի գործառույթները բազմազան են: Օգտատիրոջ առողջության ու ֆիթնեսի մասին տվյալներ հավաքելուց բացի, inKin-ը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր անկյուններում գտնել ընկերներ, որոնց հետ կարելի է մարզվել կամ մրցել: Օգտատերը կարող է հետեւել իր ընկերների ու հարազատների առողջությանը, ինչպես նաեւ գտնել նոր ընկերներ: Օրինակ, եթե առավոտները ցանկանում եք վազել, սակայն ձեզ ոչ ոք չի միանում, կարող եք ստարտափի միջոցով գտնել որեւէ մեկին ու միասին վազել: InKin-ում օգտատերերը կարող են նաեւ մեկնաբանություններ թողնել, հավանել որեւէ մեկի արդյունքները, կարճ ասած` սա Facebook-ի փոքր տարբերակն է`առողջ ապրելակերպ վարողների համար:

-Իսկ ինչո՞ւ հենց inKin:

-inKin` next of kin (մոտ ազգական): Միացյալ Նահանգներում ու եվրոպական երկրներում բժշկական փաստաթուղթ լրացնելիս միշտ պետք է նշել ամենամոտ մարդու հեռախոսահամարը: Հենց այստեղից էլ գալիս է բառի թարգմանությունը:

- Ո՞ր երկրների բնակիչներն են ստարտափի օգտատերերը:

- Հարթակի հիմնական օգտատերերը Միացյալ Նահանգներից են, երկրորդ տեղում Անգլիան է: Ուրախալի փաստ է, որ երրորդ տեղում Հայաստանն է, այնուհետեւ՝ Ռուսաստանը եւ Արեւմտյան Եվրոպայի երկրները:

-Ի՞նչ փոփոխություններ են սպասվում ստարտափում:

-Չեմ ցանկանա փակագծերը շատ բացել, բայց կարող եմ ասել, որ առաջիկայում կլինի գործառույթ, որի շնորհիվ առողջ կենսակերպ վարելը մեր օգտատերերի համար կլինի ոչ միայն հաճելի, այլեւ ձեռնտու:

Ապագայում ծրագրում ենք նաեւ հարթակում ունենալ հատուկ մասնագետներ, որոնք կօգնեն իրենց խորհուրդներով: Փոփոխություններից մեկն էլ վերաբերելու է Business to business-ին (B2B): Նրանց համար կստեղծվի հատուկ արտադրանք, որը ընկերություններին հնարավորություն կտա հոգ տանել ծառայողների առողջության մասին:

-Վերջերս մասնակցում էիք TechCrunch Disrupt 2015-ին, որն անցկացվում էր երկու ուղղությամբ` TechCrunch Battlefield (մասնակիցները մրցանակ շահելու հնարավորություն ունեն) եւ Startup Alley (մասնակիցները ստարտափը ներկայացնելու հնարավորություն ունեն): Ինչո՞ւ նախապատվությունը տվեցիք երկրորդ ուղղությանը:

-Անկեղծ ասած, մենք երկար ժամանակ մտածում էինք` մասնակցել, թե ոչ: Իրականում շատ էինք անհանգստանում, բայց որոշեցինք փորձել ու կապեր ձեռք բերել: Սակայն մեծ սխալ թույլ տվեցինք: Կարծում էինք, որ TechCrunch Battlefield-ի համար մեզ չեն ընդունի: Սխալվեցինք, քանի որ ստարտափի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ էր: Մենք հասկացանք, որ նշանակություն չունի աշխարհի որ ծայրում ես գտնվում, դու կարող ես ստեղծել մի ծրագիր, որը մարդկանց կհետաքրքիր:

- Ինչպիսի՞ն էր արձագանքը ստարտափի նկատմամբ:

-Ստարտափի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար ինչպես օգտատերերի, այնպես էլ ներդրողների շրջանում: Տղաների շնորհիվ մեծ արձագանք ստացավ նաեւ ստարտափի դիզայնը: Կոնֆերանսը մեզ շատ է ոգեշնչել, նոր գաղափարներ է տվել:

Մեզ համար ամենակարեւորն այն էր, որ հասկացանք` ճիշտ ուղու վրա ենք: Մեծ ոգեւորությամբ պատրաստ ենք առաջ գնալ ու ստեղծել այնպիսի հարթակ, որը մարդկանց համար օգտակար կլինի: Միջոցառումը մեզ սովորեցրեց հավատալ սեփական ուժերին:

- Իսկ հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

- Հայաստանը կարող է եւ պետք է դառնա տարածաշրջանի ՏՏ կենտրոնը: Մենք ունենք այնպիսի օրինակներ, որոնք ասածիս վկայությունն են:

Ստարտափ ստեղծելը հեշտ գործ չէ, յուրաքանչյուր ընկերություն վաղ թե ուշ ներդրումների կարիք է զգում: Ամենակարեւորը, սակայն, սեփական ուժերին հավատալն է: Կարծում եմ`Հայաստանը մարդկանց յուրահատուկ էներգիա է տալիս, ստեղծագործական մթնոլորտն այստեղ բոլորովին ուրիշ է: Պետք է հավատալ սեփական ուժերին ու ստեղծագործել հենց Հայաստանում:

Հ.Գ. inKin-ին միանալու համար անհրաժեշտ է ներբեռնել անվճար պեդոմետր հավելվածը (Moves) ու սկսել մարզվել: InKin-ն անվճար աշխատող համակարգ է: Այն դեռեւս web պորտալում է, հոկտեմբերին կթողարկվի մոբայլ տարբերակը, որը հասանելի կլինի iOS եւ Android համակարգով աշխատող հեռախոսների համար:

Զարուհի Մարտիրոսյանի հետ զրուցել է Գոհար Արամյանը