10:38 | 28.09.15 | Հոդվածներ | exclusive 4514

Cleantech. Բիզնես՝ մաքուր տեխնոլոգիաների օգնությամբ

2014թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվել է «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարներ» ազգային մրցույթը: Այս տարվա հոկտեմբերին մրցույթը կանցկացվի երկրորդ անգամ:

Ծրագիրն իրականացվում է Սիլիկոնյան հովտում գտնվող Cleantech Open աքսելերատորի մոդելի հիման վրա, իսկ ազգային գործընկերներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զագացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ): 

Itel.am-ը զրուցել է ծրագրի ազգային համակագող Ֆրունզիկ Ոսկանյանի եւ 2014թ. հաղթող ՆանոՀայ եւ Էկոթեքնոլոջի թիմերի ներկայացուցիչների հետ:

Ֆինանսական աջակցություն՝ մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարներին

Ներկայում «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարներ» ծրագիրն իրականացվում է 7 երկրում, իսկ 2016թ. նախատեսվում է մասնակից երկրների թիվը հասցնել 17-ի:

Այս քայլը, Ֆրունզիկ Ոսկանյանի խոսքով, թույլ կտա այդ երկրներին մուտք ունենալ հսկայական շուկաներ:

«2013թ. փետրվարին Հայաստանը դարձավ Արեւելյան Եվրոպայի երկրներից առաջինը, որը միացավ ծրագրին: Ծրագրի տեւողությունը երեք տարի է, եւ այն նպատակաուղղված է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ների զարգացմանը, ինչպես նաեւ ոլորտում նորարարությունները խթանող քաղաքականության զարգացմանը»,- նշում է Ֆրունզիկ Ոսկանյանը:
 
Նա հիշում է, որ երբ 2014թ. առաջին անգամ անցկացվեց մրցույթը, վերջնական փուլ անցավ 22 թիմ:

«Չորս թիմ ստացավ $10 հազ. դրամաշնորհ, եւս 2-ը՝ $5-հազարական: Մենք չենք համարում, որ այդ գումարների տրամադրմամբ ավարտել ենք մեր առաքելությունը. մենք շարունակում ենք աջակցել թիմերին նաեւ բիզնես մոդելի, տեխնոլոգիայի առաջխաղացման հարցերում»,- ասում է նա: 

Անդրադառնալով այս տարվա մրցույթին՝ Ֆրունզիկ Ոսկանյանը նշում է, որ մի քանի փոփոխություն է իրականացվել:

«Յուրաքանչյուր թիմ ունի իր անհատական մենթորը եւ կամավորներ: Մրցույթի վերջնական փուլը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի առաջին կեսին, որի ընթացքում ժյուրին կորոշի հաղթողներին: Ունենք 4 մրցանակ: Բացի այդ, մեկ մրցանակ ($1000) նախատեսված կլինի կին թիմերից/մասնակիցներից լավագույնի եւ մեկ այլ մրցանակ՝ լավագույն ուսանողական թիմի համար:

Գրաֆինի զանգվածային արտադրություն` ՆանոՀայ-ից

Գագիկ Շմավոնյանը տեխնիկական գիտությունների դոկտոր է եւ նանոտեխնոլոգիաների ուսումնասիրությամբ է զբաղվում արդեն 17 տարի:

«Այս ծրագրի շրջանակում զբաղվում եմ նոր հայտնաբերված նյութի՝ գրաֆինի սինթեզման տեխնոլոգիայի մշակմամբ: Դա իմ սեփական տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս կազմակերպել գրաֆինի զանգվածային արտադրություն: Ամբողջ աշխարհում այսօր փորձում են ստանալ զանգվածային արտադրության հեշտ եւ էկոլոգիապես մաքուր եղանակ: Մեր մշակած տեխնոլոգիան 100 անգամ էժան է եւ էկոլոգիապես մաքուր՝ աշխարհում հայտնի նմանատիպ տեխնոլոգիաներից»,- պատմում է Գագիկ Շմավոնյանը:
 
Նա հիշում է, որ 2013թ. մեկնել է Իսպանիա եւ ստացել գյուտի եվրոպական արտոնագիրը:

«Այդ ժամանակ էլ կարդացի Cleantech-ի մրցույթի հայտարարությունը, որոշեցի դիմել: Մասնակցությունը թույլ տվեց հասկանալ, թե ինչպիսի շուկա պետք է ունենալ: Կազմակերպիչների օգնությամբ պատկերացում կազմեցինք, թե ինչ է սպասվում մեզ, եւ այդպես գնացինք դեպի հաղթանակ»,- նշում է Գագիկ Շմավոնյանը:

Նրա խոսքով՝ դրամաշնորհը ստանալուց հետո առաջին փուլում փորձել են նախագծել սարքը:

«Եթե հետագայում ներդրողներ հայտնվեն, կկարողանանք հոսքագիծը ստեղծել: Հիմա փորձում ենք սարքը նախագծել, որի արդյունքում Հայաստանի պայմաններում հնարավոր կլինի ստանալ գրաֆինի փոշի: Թիմում այս պահին 7 հոգի է՝ հիմնականում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աշխատակիցներ»,- եզրափակում է Գագիկ Շմավոնյանը:

Ջուր կուտակող փոշի՝ ԷկոԹեքնոլոջիից

ԷկոԹեքնոլոջի ՍՊԸ տնօրեն Աշոտ Բաղդասարյանը պատմում է իրենց ստեղծած փոշու մասին, որը «ակվասորս» («ջրի դարան») են կոչել:

«Այն նախատեսված է գյուղատնտեսության եւ դեկորատիվ բուսաբուծության ոլորտներում կիրառման համար: Փոշու 1 գրամն ունակ է անձրեւաջրերից, ոռոգման ջրերից կլանել 350-400 գ ջուր: Փոշին կուտակում է ջուրը եւ վերադարձնում բույսին՝ ըստ վերջինիս պահանջի: Դրա շնորհիվ 50-60%-ով բարձրանում է բերքատվությունը, բարելավվում է հողի որակը»,- նշում է նա:
 
Աշոտ Բաղդասարյանի խոսքով՝ Cleantech-ին մասնակցելուց հետո համաֆինանսավորող դրամաշնորհ են ստացել նաեւ ՁԻՀ-ից:

«Դա թույլ կտա վերազինել սարքավորումները, ամսական 10-15 տոննա նյութ արտադրել, ստեղծել միջազգային ստանդարտներին համապատասխան փաթեթավորում: Այնպես որ, ներկայում գտնվում ենք ռեալ արտադրութան հիմնման եւ շուկայնացման փուլում»,- նշում է նա:

Աշոտ Բաղդասարյանը հավելում է, որ Cleantech մրցույթին մասնակցելու շնորհիվ մի շարք օտարերկրացի ներդրողներ սկսել են հետաքրքրվել իրենց պրոդուկտով:

Նարինե Դանեղյան