17:02 | 24.09.15 | Նորություններ | 3809

Orange-ի աջակցությամբ «Լույս հայի աչքերին» ծրագիրն անցկացվում է Շիրակի մարզում

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի «Լույս հայի աչքերին» համատեղ ծրագրի շրջանակում սեպտեմբերի 14-ից Աչքի շարժական հիվանդանոցն արդեն 3-րդ այցն է իրականացնում Շիրակի մարզում։

Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները սեպտեմբերի 23-ին այցելել են Արթիկ՝ ծանոթանալու Աչքի շարժական հիվանդանոցի ընթացիկ աշխատանքներին եւ Արթիկի դպրոցում անցկացվող ակնային ստուգումներին:

«ՀԱՆ-ի հետ մեր հնգամյա համագործակցության շրջանականերում որակյալ ակնաբուժական ծառայություններից օգտվել է ավելի քան 82000 մարզային բնակիչ: Orange Հիմնադրամի իրականացրած ծրագրերից հատկապես կարեւորում ենք այս մեկը, քանի որ այն իրական եւ շոշափելի փոփոխություն է բերում մարդկանց կյանքում՝ օգնելով շատերին շտկել տեսողական խնդիրները եւ անգամ վերականգնել տարիների շարունակ կորցրած տեսողությունը: Շիրակի մարզից հետո ակնաբուժական խմբերն ուղեւորվելու են Արագածոտնի մարզ, որտեղ արդեն իսկ մեկնարկել են զննումները տեղի ակնաբույժների կողմից»,- ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:

Աչքի շարժական հիվանդանոցն Արթիկում կմնա մինչեւ սեպտեմբերի 26-ը, իսկ այնուհետեւ կուղեւորվի Ախուրյան:

Այս տարվա ծրագիրը կավարտվի Արագածոտնի մարզով: Հոկտեմբերի վերջին շարժական հիվանդանոցը կուղեւորվի Ապարան, Թալին եւ Աշտարակ, որտեղ նույնպես կիրականացվեն անվճար վիրահատություններ ու լազերային բուժումներ սոցիալապես խոցելի բնակիչների համար, որոնց մոտ նախնական զննման փուլում նման անհրաժեշտություն էր գրանցվել:

Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը սկսած 2003-ից։ Orange Հիմնադրամի հետ միասին ծրագիրն անցկացվում է 2011-ից, որի շրջանակներում ակնային զննում է անցել ավելի քան 60 000 մեծահասակ եւ 22 800 երեխա: