14:01 | 15.09.15 | Հոդվածներ | exclusive 5824

    Mashtots-ը կսովորեցնի արեւմտահայերեն

    Mashtots անվճար կրթական հավելվածը թույլ է տալիս սովորել արեւմտահայերեն՝ զվարճալի եւ ինտերակտիվ խաղերի, վարժությունների միջոցով:

    Հավելվածը հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն, իսպաներեն:

    Mashtots հավելվածի համահիմնադիրներն են Տիգրան Բարսեղյանը, Էրիկ Ղոնյանը եւ Գրիգորի Էյրամջյանը: Ներկայում թիմում աշխատում է 8 մասնագետ:

    Itel.am-ի հետ զրույցում ԱՄՆ-ում բնակվող Գրիգորի Էյրամջյանը պատմել է, որ հավելվածը ստեղծվել է շուրջ 6 ամիս առաջ, երբ սկսել են համագործակցել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ:

    «Հիմնադրամը դրամաշնորհ էր սահմանել հայերեն լեզվի մոբայլ հավելվածի ստեղծման համար: Որոշեցինք դիմել եւ պատրաստել հավելվածը»,- նշել է նա:

    Գրիգորի Էյրամջյանի խոսքով՝ նման հավելված ստեղծելու գաղափարն ավելի վաղ է ծագել:

    «Ես ավելի քան 3 տարի է՝ բնակվում եմ Սան Ֆրանցիսկոյում: Այնտեղ՝ Սուրբ Հովհաննես առաքելական եկեղեցուն կից խմբակում, հայոց լեզու էի դասավանդում: Այնպես որ տեղյակ եմ, թե մարդիկ ինչ խնդիրների են բախվում հայերեն սովորելիս: Թիրախային խումբը Հայաստանից դուրս գտնվող մեր հայրենակիցներն են»,- պատմել է նա:
     
    Գրիգորի Էյրամջյանն ընդգծել է, որ այս պահին իրենց գլխավոր խնդիրն է ավարտել հավելվածի iOS տարբերակը եւ դրա արդյունքում ձեռք բերել սպառման ավելի մեծ շուկա:

    «Թեեւ Mashtots-ն արեւմտահայերեն է սովորեցնում, սակայն չեմ բացառում, որ հետագայում ստեղծենք նաեւ դրա արեւելահայերեն տարբերակը»,- ասել է Գրիգորի Էյրամջյանը:

    Նա նշել է հավելվածը հայաստանյան կրթական ծրագրերում ներառելու մտադրության մասին:

    Նարինե Դանեղյան