14:22 | 09.09.15 | Նորություններ | 7843

«ՎիմպելԿոմ»-ը հայտարարում է Eurasia Mobile Challenge մրցույթի մեկնարկի մասին

«ՎիմպելԿոմ»-ը հայտարարում է Eurasia Mobile Challenge մրցույթի մեկնարկի մասին, որի նպատակն է ամբողջ Եվրասիայից ներգրավել երիտասարդների՝ «բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումը ստեղծելու համար»:  

Մրցույթին կարող են մասնակցել ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից եւ Ուզբեկստանից։ 

Յուրաքանչյուր մասնակցի հիմնական խնդիրն է ստեղծել բջջային լուծում իր երկրի համար եւ այնուհետեւ ներկայացնել այն հանձնաժողովին: Մասնակիցները պետք է մշակեն նորարարական հավելված կամ առաջարկեն մի համակարգ, որը հնարավորություն կտա հաղթահարել իրենց երկրում առաջացած ինչ-որ խնդիր, որի հետ հաճախ են բախվում տվյալ երկրի օգտատերերը։

«Աշխարհն օրեցօր դառնում է ավելի ու ավելի թվային եւ հաճախորդամետ, իսկ նորարարությունները եւ զարգացման գործընթացը հաճախ չի լինում այնքան արագ, որքան մենք կցանկանայինք։ Ընկերության շրջանակում մենք անում ենք հնարավոր ամեն ինչ մեր բաժանորդներին առաջարկելու նորարական ապրանքներ ու ծառայություններ, սակայն այս անգամ որոշեցինք այս գործընթացին ներառել «երիտասարդ ուղեղներ» ողջ աշխարհից։ Այս մրցույթի նպատակն է նպաստել ձեռներեցության էկոհամակարգի զարգացմանը` ապագայի ձեւավորման կոմերցիոն հնարավորությունների ստեղծման համար երիտասարդությանն ազգային, տեղական եւ պոտենցիալ գլոբալ հարթակ տրամադրելու միջոցով»,- ասել է «ՎիմպելԿոմ»-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Յոգեշ Մալիկը:

«Հայաստանում այս գլոբալ մրցույթը հայտարարելով` Beeline-ը նպատակ ունի ներգրավել տաղանդավոր հայ երիտասարդների, ովքեր ցանկանում են կյանքի կոչել իրենց գաղափարները եւ ներկայացնել ամենաարդիական բջջային լուծումները ազգային եւ միջազգային հարթակներում: Թվային նորարարություններին ուղղված նման նախագծերը, հնարավոր է, կդառնան հերթական նշանակալի երեւույթը բջջային տեխնոլոգիաների ոլորտում, եւ մենք ցանկանում ենք լինել ծառայությունների եւ բիզնես մոտեցման այս փոխակերպման էպիկենտրոնում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Մասնակից երկրներից յուրաքանչյուրում կանցկացվի Eurasia Mobile Challenge մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող մրցակիցների հետ: Գրանցվել կարելի է այստեղ:

Global Mobile Challenge մրցույթը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում, 2016թ. փետրվարի 22-26-ը: Մրցույթն անցկացվում է Huawei-ի հետ համատեղ: