12:36 | 07.09.15 | Նորություններ | 1513

ArmIGF 2015-ում քննարկվում են Ինտերնետ կառավարման հնարավորությունները

Երեւանում այսօր մեկնարկել է հայկական Ինտերնետ կառավարման երկօրյա համաժողովը` ArmIGF 2015-ը: 

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն ու «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն:

«Ինտերնետն իր հետ բերել է յուրահատուկ ազատություններ: Այն չի կառավարվում, սակայն մյուս կողմից էլ չի կարող ամբողջովին անկառավարելի լինել, այլապես քաոսի կվերածվի: Այդ նպատակով ստեղծվել է ինտերնետի կառավարման բազմաշահառու մոդելը, որի շրջանակում ներգրավվում են բոլոր շահագրգիռ կողմերը՝ պետությունը, քաղհասարակությունը, ակադեմիական շրջանակները, բիզնես եւ տեխնո համայնքները»,- նշել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: 

Նրա խոսքով՝ ֆորումը փորձ է՝ ի մի բերելու այն բոլոր խնդիրները, որոնք ավանդական տարբերակով չեն կարող լուծվել:

«Օրինակ, սոցցանցերում մարդն իրավունք ունի գրանցվելու միայն ի՞ր անունով, թե՞ կարող է նաեւ կեղծանուն օգտագործել: Չինաստանում, օրինակ, իրավունք չունես  սոցցանցերում կեղծանունով գրանցվել, իսկ Վիետնամում չի թույլատրվում քննարկել կառավարության աշխատանքը: Սրանք, ճիշտ է, ծայրահեղ մոտեցումներ են, սակայն մեզ մոտ եւս նմանատիպ հարցեր երբեմն առաջանում են: Օրինակ, եթե կեղծանունով մեկը տարածում է ապատեղեկատվություն, ո՞վ է դրա համար պատասխանատու՝ սոցցա՞նցը, լուրն արտատպող լրատվամիջո՞ցը, թե՞ մեկ այլ կողմ»,- նկատել է Սամվել Մարտիրոսյանը:

Հայաստանի «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանն իր հերթին նշել է, որ ֆորումի մասնակիցներից ակնկալում են առաջարկներ, որոնք հետագայում հիմք կդառնան գործող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքում: 

«Մի փոքր ուշացել ենք, քանի որ աշխարհում արդեն 10-րդ ինտերնետ կառավարման ֆորումն է անցկացվում, Ռուսաստանում՝ 8-րդ, Ուկրաինայում՝ 6-րդ: Սակայն որոշ հարցերում էլ մենք ենք առաջ, քանի որ ներգրավվելով բոլոր շահագրգիռ կողմերին, արդեն ունենք ձեւավորված հանձնաժողով, որը կարող է խոսել եւ որոշումներ ընդունել հանրության անունից»,- ընդգծել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը: 

Նրա խոսքով՝ Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսը շատ քիչ է ներկայացված ինտերնետում, քանի որ հանրապետությունում ընդամենը 23 հազ. դոմեյն է գրանցված:

«Օրինակ Լիտվայում, Լատվիայում կամ էլ Էստոնիայում ավելի քան 80 հազ. դոմեյն է գրանցված: Պետք է պարզենք, թե ինչու է մեզ մոտ այդ թիվը մի քանի անգամ պակաս»,- ասում է Իգոր Մկրտումյանը:
 
Անդրադառնալով ոլորտի հայաստանյան մյուս խնդիրներին՝ նա մատնանշել է այն, որ ոչ բոլոր ձեռնարկություններն ունեն անվտանգության մասնագետ կամ համակարգչային ադմինիստրատոր, ինչը ընկերություններին խոցելի է դարձնում հաքերային հարձակումների դեպքում: Իգոր Մկրտումյանն առաջարկել է գտնել լուծում, որը թույլ կտա մասնագետների սակավության դեպքում կարողանալ պայքարել կիբեր գրոհների դեմ: