15:37 | 24.08.15 | Նորություններ | 5275
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Orange Հիմնադրամն աջակցում է «Ֆրանսիայի հայկական բժշկական միություն - Փարիզ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագրին:
Այս տարի նախաձեռնության շրջանակում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի եւ 18 գյուղական համայնքների 6000-ից ավելի երեխաներ կանցնեն անվճար ակնային հետազոտություն, իսկ այն երեխաները, ում մոտ կհայտնաբերվեն խնդիրներ, կստանան հատուկ իրենց համար պատրաստված ակնոցներ:
«Orange Հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնում տեսողության խնդիրներ ունեցող անձանց, իսկ այս ծրագիրը հատկապես կարեւորում ենք այն պատճառով, որ այն հնարավորություն է տալիս վաղ տարիքում բացահայտել խնդիրն ու կանխարգելել հետագա հնարավոր բարդություններն ու անգամ կուրությունը: Անցյալ տարի ավելի քան 240 երեխա ստացել է հատուկ պատրաստված ակնոցներ՝ ըստ յուրաքանչյուրի անհատական դեպքի: Անցած տարի ուսումնասիրված երեխաներից 80-ի մոտ հայտնաբերվել են այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին, ճիշտ ժամանակին միջամտության բացակայության դեպքում, ավելի մեծ տարիքում առաջացնել կուրություն: Ուրախությամբ ենք այս տարի նույն նախաձեռնությամբ հանդես գալիս նաեւ Տավուշի մարզում՝ գիտակցելով այս առաքելության ամբողջ պատասխանատվությունը»,- ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը: