17:33 | 21.07.15 | Նորություններ | 1871

ՄԻԿ Հայաստանը աքսելերացիայի նոր ծրագիր է սկսում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ Հայաստան) հայտարարել է նորարարական գաղափարներ ունեցող սկսնակ ընկերությունների համար նախատեսված նոր աքսելերացիոն ծրագրի հայտերի ընդունման մասին:

12 շաբաթ տեւողությամբ ծրագրին կարող են դիմել 2-4 հոգուց բաղկացած ստարտափները, որոնք առաջարկում են որեւէ խնդրի ՏՏ լուծում՝ ցանկացած ոլորտում։

ՄԻԿ Հայաստանում տեղեկացրել են, որ դիմում հայտերի ընդունման օնլայն հարթակը շուտով հասանելի կլինի դիմումների հավաքագրման համար: Հարցերի դեպքում հետաքրքրված թիմերը մինչև հուլիսի 31-ը կարող են այցելել ՄԻԿ Հայաստանի գրասենյակ՝ նախորոք զանգահարելով 010 545-343 եւ հանդիպել Աքսելերացիոն ծրագրի ղեկավարի հետ։

Ծրագրի ամբողջ ընթացքում ստարտափները հնարավորություն կստանան օգտվել ՄԻԿ Հայաստանի գրասենյակի բոլոր պայմաններից՝ տարածք, համակարգիչներ, համակարգչային ծրագրեր, այլ սարքավորումներ։ Ծրագրում ներգրավված են մենթորներ արտերկրից, որոնք կիսվում են իրենց միջազգային փորձով եւ օգնում թիմերին իրենց արտադրանքը մշակելիս հաշվի առնել միջազգային շուկայի պահանջները եւ փորձը։

Աքսելերացիոն ծրագրի վերջին երկու փուլերին մասնակցած 4 ստարտափներ՝ Solo Learn, Forkize, Flaxton եւ Penny, ներգրավել են ավելի քան $350 հազ.՝ իրենց պրոդուկտի հետագա զարգացման եւ մարքետինգի համար։