15:17 | 14.07.15 | Նորություններ | 3728
Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են, որ այս տարի ընդլայնվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակները:
Մասնավորապես՝ կբացվեն ներառական կրթության անկյուններ Հայաստանի տարբեր մարզերում, կհիմնվի հաջողակների ակումբ Երեւանում, ինչպես նաեւ կմշակվի երեխաների տրամաբանությունը զարգացնող խաղ հավելված։
«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի եւ Վայոցի Ձորի 4 կրթական հաստատությունում ստեղծել երեխաների զարգացման Beeline անկյուններ, ինչպես նաեւ իրականացնել ներառական կրթության զարգացմանն ուղղված միջոցառումներ:
«Մենք կարեւորում ենք Մանկական զարգացման հիմնադրամի հետ հաջող համագործակցությունը եւ հավատացած ենք, որ այս ծրագիրը, ինչպես եւ նախորդները, նույնպես կօգնի երեխաներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հատուկ կարիքներով երեխաների համար համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը եւ նոր տեխնոլոգիաների կիրառումը, հաջողակների ակումբի, ինչպես նաեւ զարգացնող տրամաբանական խաղ հավելվածի ստեղծումը հնարավորություն կընձեռեն երեխաներին եւ երիտասարդներին նորովի բացահայտել եւ զարգացնել իրենց ներուժը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ 2011թ. ապրիլից։