17:18 | 29.06.15 | Նորություններ | 873

Հաղորդակցության ոլորտի միջազգային մեդիահամաժողով՝ Երեւանում

Երեւանում այսօր մեկնարկել է «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» թեմայով երկօրյա միջազգային մեդիահամաժողովը:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ֆորումին մասնակցում են հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի կարգավորող մարմինների, մեդիաոլորտի առաջատար ընկերությունների, միջազգային կառույցների, Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռուստատեսային, ռադիո եւ կաբելային հեռարձակում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ընդունելով ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին, նշել է, որ ֆորումը լավ հնարավորություն է հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի զարգացման նոր ուղիների մշակման, փորձի փոխանակման եւ նոր ներդրումների ներգրավման համար:

Վարչապետը ներկայացրել է ՀՀ տեղեկատվական, հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ կառավարությունը շարունակելու է ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քաղաքականությունը:

Մեդիաֆորումը կազմակերպվում է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի Լոնդոնի հաղորդակցությունների միջազգային ինստիտուտի կողմից: