12:37 | 25.06.15 | Նորություններ | 3239

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղայնացրել է 911/112 հեռախոսահամարները Արագածոտնում եւ Վայոց Ձորում

Այսուհետ նաեւ Արագածոտնում եւ Վայոց Ձորում գտնվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները 911 եւ 112 հեռախոսահամարներին զանգահարելիս կմիանան ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին:

Նախկինում, 911 հեռախոսահամարով մարզերի բնակիչները միանում էին ՀՀ ՏԿԱԻՆ՝ Երեւանում գործող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի կամ պատահարի մասին տեղեկությունն փոխանցվում էր համապատասխան մարզային կենտրոն:

«ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ՝ մենք իրականացրել ենք 911/112 արագ արձագանքման հեռախոսահամարները Հայաստանի մարզերում տեղայնացնելու ծրագրի հերթական փուլը: Ներկայում Հայաստանի ինը մարզերի բնակիչները, արագ արձագանքման հեռախոսահամարներին զանգահարելիս, Երեւանում գտնվող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի փոխարեն՝ կմիանան արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի տեխնիկական հնարավորությունների շնորհիվ ներդրված համակարգն ուղղված է կրճատելու արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ ժամանակը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ավելի վաղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին ուղիղ միանալու հնարավորություն էր ընձեռել Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի եւ Արմավիրի մարզերում գտնվող իր բաժանորդներին: