17:39 | 19.06.15 | Նորություններ | 3611

Orange-ը հունիսի 21-ին երաժշտական տոն կկազմակերպի Երեւանում

Հունիսի 21-ին՝ վեցերորդ տարին անընդմեջ, Orange-ը բոլոր երաժշտասերներին հրավիրում է միասին տոնել Երաժշտության համաշխարհային օրը:

Տարվա ամենաերկար օրը՝ հունիսի 21-ին, աշխարհի ավելի քան 700 քաղաքներում սիրողական եւ պրոֆեսիոնալ երաժիշտները նշում են Երաժշտության տոնը` անվճար համերգներ տալով քաղաքների փողոցներում, այգիներում, հրապարակներում:

Երեւանի Ազատության հրապարակում ժամը 19:00-ին Orange-ը կազմակերպում է համերգ, որի ընթացքում կենդանի կատարմամբ ելույթ կունենան The Beautified Project, The Windrose, EmpYraY եւ Միացյալ Նահանգներից ժամանած Palm of Granite խմբերը:

Շառլ Ազնավուրի անվան հրապարակի Orange-ի բեմում ժամը 21:00-ից կհնչի ռոք երաժշտություն՝ Որդան Կարմիր, Նաիրի, HIGH եւ ATMOS խմբերի կենդանի կատարմամբ:

Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ժամը 19:00-21:00-ը ֆրանսիական երգի սիրահարների համար, Top 15 pour 2015 համերգի շրջանակում, սիրողական երաժիշտներ ու խմբեր կկատարեն ժամանակակից ֆրանսիական երգեր:

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ ժամը 19:00-ին Հաղթանակի զբոսայգում փոքրիկ երեւանցիների համար տեղի կունենա համերգ՝ «Արեւներ» մանկական անսամբլի մասնակցությամբ եւ ջազ-էստրադային համերգ՝ «Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի» սաների եւ անհատ կատարողների մասնակցությամբ:

Դասական եւ էթնիկ երաժշտությունը նախընտրողների համար ժամը 19:30-ին Կոնսերվատորիայի պուրակում ելույթ կունենան «Օլդ Բենդ» ֆոլկ վոկալ քառյակը, «Զանգակներ» համույթը եւ «Արտ վոկալ անսամբլ»-ը: