09:53 | 18.06.15 | Հոդվածներ | exclusive 4274

Թողարկվել է հայկական Jeltee հավելվածի Android տարբերակը

Թողարկվել է հայերի կողմից մշակված եւ ամիսներ առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գործարկված Jeltee մոբայլ հավելվածի Android տարբերակը:

Աշոտ Մնացականյանի եւ Ռաֆայել Հարությունյանի ստեղծած հավելվածի iOS տարբերակը գործարկվել էր այս տարվա փետրվարին եւ ներկայում ունի շուրջ 18 հազ. օգտատեր: Երեւանից գրանցված է 400-500 օգտատեր:

Հավելվածի նպատակն է մարդկանց հեռացնել էկրաններից եւ տեղափոխել ռեալ՝ օֆլայն շփման հարթակ:

Itel.am-ի հետ զրույցում հավելվածի համահիմնադիր Աշոտ Մնացականյանը նշում է, որ նախատեսում են ամռան վերջին Android-ի օգտատերերի թիվը ԱՄԷ-ում հասցնել 60 հազ-ի:

Նրա խոսքով` հավելվածի թիրախային հաջորդ երկիրը լինելու է Ռուսաստանը, որին հաջորդելու են ԱՊՀ երկրները: Jeltee-ն այդ շուկայում հանդես կգա որոշակի փոփոխությամբ. կավելանա ВКонтакте սոցցանցի օգնությամբ մուտք գործելու հնարավորությունը:

«Այդ շուկայում պատրաստվում ենք մինչեւ 2 մլն օգտատեր ունենալ: Բովանդակությունը նույնն է մնալու, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ 24-ժամյա չաթը բավարար է՝ հանդիպման որոշում կայացնելու համար, նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը բնույթով ավելի պահպանողական հայկական մենթալիտետի մասին է»,- ասում է Աշոտ Մնացականյանը:

Ինչ վերաբերում է ներդրողներին, ապա մի քանի ամիս առաջ որոշակի ներդրում են ունեցել: Ներկայում բանակցում են օտարերկրյա մի շարք ներդրողների հետ՝ համեմատաբար խոշոր ներդրումներ ներգրավելու նպատակով:

Հավելվածի գործառույթների մասին ավելի մանրամասն` այստեղ:

Նարինե Դանեղյան