13:40 | 01.06.15 | Հարցազրույցներ | exclusive 8525

Եվա Հյուսյան. «Մայքրոսոֆթ»-ը ՀՀ կբերի «թանկարժեք» փորձ եւ գիտելիքներ

Օրեր առաջ ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ ստորագրվեցին ՀՀ-ում ՏՏ զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության եւ նորարարության ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համաձայնագրեր:

Հայտարարվեց, որ «Մայքրոսոֆթ»-ը Հայաստանում ամպային եւ մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոն կհիմնի՝ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ի հենքով:

Այս հարցերի շուրջ Itel.am-ը զրուցել է «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանի հետ:

- Ի՞նչով է զբաղվելու ամպային եւ մոբայլ լուծումների տարածաշրջանային նոր կենտրոնը:

- Աշխարհում 140 Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն է գործում, որոնցից շատերը հիմնականում թրեյնինգների վրա են հիմնված: ՄԻԿ Հայաստանը թոփ կենտրոններից է՝ ստարտափների եւ աքսելերացիայի ծրագրերի առումով: Դա էր պատճառը, որ ՄԻԿ Հայաստանն աշխարհի երեք այլ ՄԻԿ-երի հետ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի կողմից ընտրվեց որպես պիլոտային վայր՝ աքսելերացիայի ծրագրի անցկացման համար:

Ի դեպ, նոր կենտրոն չի բացվելու: Արդեն իսկ գործող ՄԻԿ Հայաստանի հիման վրա բացվելու է նոր կենտրոն: Այո, նոր տարածք չի լինելու, բայց լինելու է նոր բովանդակություն՝ արդեն եղած կենտրոնի տարածքում: Մոբայլ եւ ամպային լուծումներին վերաբերող ավելի շատ թրեյնինգներ կանցկացվեն, այդ ուղղության ստարտափներին էլ ավելի մեծ ուշադրություն կհատկացվի: Եթե դուք աշխատում եք ամպային եւ մոբայլ տեխնոլոգիաների վրա, ապա հաստատ ավելի մեծ աջակցություն կգտնեք կենտրոնում:

Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ «Մայքրոսոֆթ»-ը ամպային եւ մոբայլ տեխնոլոգիաների եւ ստարտափների զարգացմանն ուղղված կենտրոն է ստեղծում՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հենքով: Այն փորձը եւ տեխնոլոգիաները, որոնք բերվելու են երկիր, միլիոնավոր դոլարների արժեք ունեն: Սա թույլ է տալիս ինչ որ նոր մոդել ստեղծել, որը կարող է այլ երկրներում եւս տարածվել:

Ամպային եւ մոբայլ տեխնոլոգիաների կենտրոնի հիմնմամբ զարկ ենք տալիս երկրում տեխնոլոգիաների զարգացմանը, ինչն աննախադեպ է նրանով, որ ապագան հենց ամպային տեխնոլոգիաներինն է, եւ պետք է այդտեղ փորձել հնարավորինս արագ դիրքավորվել: Ինչ վերաբերում է տվյալների անվտանգության ոլորտին, ապա այն մեզ հնարավորություն է տալիս ունենալ ավելի պաշտպանված եւ ճիշտ կառուցված ենթակառուցվածքներ:
 
- Կներկայացնե՞ք կնքված համաձայնագրերի վերաբերյալ այլ մանրամասներ:

- «Մայքրոսոֆթ»-ի գրասենյակը Հայաստանում գործում է 2007-ից: Վերջինիս եւ ՀՀ կառավարության միջեւ այդ ժամանակ էլ կնքվել է առաջին համաձայնագիրը, որով ֆիքսվել են համագործակցության հիմնական ուղղությունները: Երեք ուղղություններն են՝ ՄԻԿ Հայաստանի հիմնումը, կրթության ոլորտում համագործակցությունը եւ ՀՀ կառավարության կողմից «Մայքրոսոֆթ»-ի պրոդուկտների արտոնագրված օգտագործումը:

Վերջին տարիներին առաջին 2 ուղղություններով լուրջ առաջընթաց ենք արձանագրել, որոնք ծրագրային էին: Ինչ վերաբերում է երրորդ ուղղությանը՝ կառավարության կողմից «Մայքրոսոֆթ»-ի պրոդուկտների արտոնագրված օգտագործման գործընթացին, ապա այս առումով երկար ժամանակ բանակցում էինք կառավարության հետ:

Հիմնական գործոնը, որը նպաստեց, որ գործարքը կայանա, այն էր, որ ոլորտը շատ արագ զարգանում էր եւ վաղուց դուրս էր եկել Հայաստանի սահմաններից՝ գործելով միջազգային ասպարեզում: Եվ եթե դու ցանկանում ես քո երկիրը դիրքավորել որպես միջազգային շուկայում լուրջ խաղացող, ապա մտավոր սեփականության պաշտպանությունը հանդիսանում է լուրջ գործոն:

Գիտենք, որ ոլորտի զարգացմանը նպաստող բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, եւ սա եւս մեկ քայլ է, որը Հայաստանը դիրքավորում է որպես առաջատար եւ մտավոր սեփականությունը պաշտպանող երկիր:

Կարողացել ենք բանակցել մի փաթեթի շուրջ, որը փոխշահավետ է երկու կողմի համար էլ: Նախորդ տարվա սեպտեմբերի վերջից բանակցությունները շատ ինտենսիվ փուլում էին, երբ Նյու Յորքում կայացած «Արմթեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Այդտեղ նախանշվեցին այն ընդհանուր ուղղությունները, որոնք կարելի էր զարգացնել: Վերջին 6-7 ամիսներին պատրաստում էինք փաթեթը, որը մայիսի վերջին վերջապես կյանքի կոչվեց: Փաթեթում առկա որոշ բաներ հասանելի են միայն Հայաստանին, ինչի համար շատ հպարտ ենք: 

-Առաջիկայում ի՞նչ ներդրումներ է կատարելու «Մայքրոսոֆթ»-ը Հայաստանում: Ստեղծվելո՞ւ են նոր աշխատատեղեր:

- Ներդրումները կատարվելու են զուտ բովանդակության մեջ, նոր շենք չենք կառուցելու: Ինչ վերաբերում է նոր աշխատատեղերին, ապա տարեկան մոտ 2000 մարդ ինչ-որ ձեւով մասնակցում է կենտրոնի գործունեությանը: Մենք 2011-ից սկսած աջակցել ենք շուրջ 200 ստարտափի: Այժմ խոսում ենք այդ թվերն առնվազն կրնկապատկելու մասին: Եվ դա ցանկանում ենք անել ամենավերջին տեխնոլոգիաների օգտագործմամբ: 

Կարծում եմ՝ բովանդակության մեջ ներդրումը Հայաստանի համար ամենակարեւորն է: Ինչ վերաբերում է հնարավոր նոր աշխատատեղերի բացմանը, ապա կավելանա թրեյնինգների քանակը. եթե դրանց մասնակիցների թիվը կրկնապատկվի, ապա երկրում աշխատատեղերի թիվը, բնականաբար, կավելանա: Եթե 10-ի փոխարեն 50 ստարտափ է ստեղծվում, ապա դա եւս նոր աշխատատեղեր է ենթադրում:

Դեռ չենք մտածում այստեղ «Մայքրոսոֆթ»-ի զարգացման կենտրոն բացելու մասին, որը կլինի ինքնաֆինանսվարվող եւ մարդկանց աշխատանքի կընդունի: Դա հեռավոր նպատակ է: Ասում ենք, զարգացրեք մեր էկոհամակարգը, այստեղ բերեք ձեր գիտելիքը, ձեր մասնագետներին, որպեսզի մենք էլ կարողանանք օգտվել այն համաշխարհային պրոդուկտներից, որոնք միջազգային շուկաներում մրցունակ են: Կարծում եմ՝ ներկայում սա լավագույն աջակցությունն է, որ կարող ենք ունենալ:

Եվա Հյուսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը