11:43 | 27.05.15 | Նորություններ | 1186

Երեւանում 23 տեխնոլոգիական թիմ մրցում է դրամաշնորհի համար

Այսօր Երեւանում մեկնարկել է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 3-րդ փուլի եզրափակիչը, որին մասնակցում է 23 թիմ եւ ընկերություն։

Մրցույթի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Հիմնադրամում նշել են, որ դրամաշնորհների քանակը սահմանափակ չէ: Այն բոլոր թիմերը, որոնց ծրագրերը բարձր կգնահատվեն հանձնաժողովի կողմից, կստանան դրամաշնորհ: Այն ենթադրում է 50 տոկոս համաֆինանսավորում եւ յուրաքանչյուր հաղթողի դեպքում չպետք է գերազանցի 25 մլն դրամը: Ներկայացվող ծրագրի առավելագույն տեւողությունը 1 տարի է:

Ծրագիրը կնպաստի Հայաստանում ձեւավորել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայր, կխթանի տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ստեղծմանը ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ մարզերում։

«Որպես տեխնոլոգիական ոլորտի բիզնես ինկուբատոր՝ մեր նպատակն է Հայաստանում ձեւավորել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, նպաստել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ստեղծմանը, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը եւ ֆինանսավորման աղբյուրները: Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը մեր նպատակներն իրականացնելու միջոցներից մեկն է, որի արդյունքում ստեղծվում են նոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերություններ ամբողջ Հայաստանում»,- ասել է ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Մրցույթի հաղթողները կհայտարարվեն այսօր երեկոյան: