11:00 | 25.05.15 | Նորություններ | 3669

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է 1-ին եռամսյակի արդյունքները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է 2015թ. 1-ին եռամսյակի ֆինանսական եւ գործառնական արդյունքները՝ ս.թ. մարտի 31-ի դրությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում ընկերության եկամուտը կազմել է 16,9 մլրդ դրամ (շարժական կապի շուկայից ստացվող ընդհանուր եկամտի մոտ 62%-ը), իսկ OIBDA ցուցանիշը կազմել է ավելի քան 8.1 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը մոտ 4.4%-ով:

Տվյալների հաղորդման ծառայություններից բջջային հեռախոսի միջոցով օգտվող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 1 051 251 բաժանորդ: Լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություներից օգտվող բաժանորդների (անլար սարքերի, օրինակ՝ մոդեմի կամ երթուղիչի միջոցով ինտերնետ մուտք գործողների) թիվը կազմում է 75 715: Ընդհանուր առմամբ՝ տվյալների հաղորդման ծառայություներից օգտվում է 1 126 966 բաժանորդ:

2015թ. մարտի 31-ի դրությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 2.1 մլն (շուկայի մասնաբաժնի մոտ 60%-ը):

«2015թ. 1-ին եռամսյակում ընկերությունն իրականացրել է նախատեսված ծավալով բաժանորդային սարքավորումների եւ աքսեսուարների վաճառք՝ սպառողներին մատչելի գներով առաջարկելով տարբեր ապրանքանիշերի գերժամանակակից բջջային սարքավորումներ: Բջջային սարքավորումների եւ աքսեսուարների վաճառքից ստացված եկամուտը կազմել է 442.5 մլն դրամ՝ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գերազանցելով 283.6%-ով: Առաջին եռամսյակի ընթացքում ընկերությունը կատարել է 432 մլն դրամի ներդրում»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Հաշվետու ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը գրանցել է ավելի քան 157 հազ. նոր ակտիվացում: