14:30 | 22.05.15 | Հոդվածներ | exclusive 5239

Polygon՝ «Թումո»-ի սաների ստեղծած նոր մոբայլ խաղը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 16-ամյա սաներ Աբել Ղազինյանը եւ Վահե Մուրադյանը ստեղծել են Polygon մինիմալիստական խաղը, որը Google Play-ում արդեն 2500 ներբեռնում ունի:

Itel.am-ի հետ զրույցում Վահե Մուրադյանը նշում է, որ խաղն ունի երկու տարբերակ՝ դասական, որտեղ ուղղակի պետք է առանց սխալվելու կրակել, եւ Time rush՝ որտեղ կարելի է սխալվել, սակայն գործողությունները սահմանափակված են ժամանակով:

«Խաղացողն ունի գունավոր գնդակ. էկրանի մեջտեղում պտտվում է բազմանկյունը, որը բաժանված է եռանկյունների: Յուրաքանչյուր եռանկյուն ունի իր գույնը, եւ անհրաժեշտ է համապատասխանեցնել տվյալ գնդակի եւ եռանկյան գույները: Մեկ մոբայլ սարքի վրա կարելի է խաղալ նաեւ multiplayer տարբերակով՝ 2-4 հոգով»,- նշում է նա:

Վահե Մուրադյանը պատմում է, որ խաղը պատրաստվել է 2-3 շաբաթում:

«Հիմնական խնդիրը ժամանակի սուղ լինելն էր: Ինքներս կազմել էինք մեր գրաֆիկը եւ փորձում էինք չշեղվել դրանից: Խորհուրդներով մեզ շատ է օգնել «Թումո»-ի մարզիչներից Վարդան Կեմեչեչյանը, որը լավ է տեղեկացված մոբայլ գեյմինգի ոլորտից»,- ասում է նա:

Վահե Մուրադյանի խոսքով՝ ապագայում մտադիր են մշակել նաեւ խաղի iOS տարբերակը:

2014թ. դեկտեմբերին տղաներն իրենց առաջին՝ Space խաղով հաղթել էին «Թումո»-ի առաջին խաղերի մրցույթում: Խաղը ստեղծվել էր Java ծրագրավորման լեզվի օգնությամբ: Տիեզերքում տիեզերանավը տարբեր առաջադրանքներ է կատարում, օրինակ, աստերոիդներ է տեղափոխում եւ այլն: Ներկայում նրանք կատարելագործում են Space-ը, որի հիման վրա նոր խաղ է պատրաստվում: 

«Նոր խաղում խաղացողն ինքն է կառուցում իր տիեզերանավը՝ օգտագործելով տարբեր մասեր՝ քառակուսիներ, եռանկյուններ եւ այլն: Տիեզերքում նոր առաքելություններ են ավելանալու, եւ հնարավոր կլինի խաղը նաեւ մի քանի հոգով խաղալ»,- նշում է Վահե Մուրադյանը՝ հավելելով, որ այն պատրաստ կլինի աշնանը:

Նարինե Դանեղյան