13:42 | 03.04.15 | Նորություններ | 3327

«Օրանժ Արմենիա»-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր վարչական վարույթ է հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ:

ՏՄՊՊՀ-ում նշել են, որ հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Օրանժ Արմենիա» ընկերության գործունեության, մասնավորապես անբարեխիղճ գովազդային քաղաքականության վերաբերյալ:

Ընկերությունը գովազդում է, որ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում մի շարք մոդելների բջջային հեռախոսներ հնարավոր է ձեռք բերել ընդամենը 1 դրամով: Առաջարկի մասին այլ լրացուցիչ տեղեկատվություն սպառողին չի տրամադրվում:

ՏՄՊՊՀ-ի կատարած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ առաջարկվող փաթեթը ներառում է երեք սակագնային պլան` 4000, 6000 եւ 10 000 դրամ արժողությամբ:

«Գովազդում առկա չէ որեւէ տեղեկատվություն այն մասին, թե հեռախոսը 1 դրամով ձեռք բերելու դեպքում սպառողը փաթեթի որ սակագնային պլանին պետք է միանա, մինչդեռ այս առաջարկի շրջանակում հեռախոսները հնարավոր է ձեռք բերել հիմնականում 10 000, իսկ որոշ դեպքերում՝ 6000-դրամանոց սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում: Բացի այդ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ընկերության առաջարկը գործում է միայն առաջին անգամ բաժանորդագրվելու դեպքում, ինչի մասին եւս գովազդում չի նշվում»,- ասված է ՏՄՊՊՀ հաղորդագրությունում: