16:56 | 01.04.15 | Նորություններ | 4728

Ամփոփվել են 4-րդ «Web Ծիրան»-ի արդյունքները

Ամփոփվել են «Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները:

Փառատոնի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը եւ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը: Փառատոնի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Չորրորդ «Web Ծիրան»-ը մեկնարկել էր փետրվարի 26-ին: Փառատոնի ժյուրին արդյունքներն ամփոփել է մարտի 26-ին՝ մեկ ամիս շարունակ դիտելով webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված 42 ֆիլմերը:

«Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի ֆիլմերը մեկ ամսվա ընթացքում ունեցել են 23 հազ. դիտում՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից (թվարկվածներն առաջին հինգ երկրներն են՝ ըստ դիտողների թվի):

««Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը եզակի հնարավորություն է ընձեռում սկսնակ կինոգործիչներին ցուցադրելու իրենց տաղանդը, գրավելու հանրության, ինչպես նաեւ ֆիլմարտադրողների ուշադրությունը եւ հետաքրքրությունը իրենց ստեղծագործությունների հանդեպ` ունենալով ինտերնետի հնարավորությունները որպես հիմնական գործիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեր երիտասարդ կինոգործիչներին մաղթում է հաջողություններ եւ ծրագրերի իրականացում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակին արժանացել է ռեժիսոր Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմը, որի օպերատորը Մարտին Հովհաննիսյանն է, իսկ պրոդյուսերը՝ Էդգար Բաղդասարյանը: Գլխավոր մրցանակակիրը պարգեւատրվել է 400 հազ. դրամով:

Սահմանված էր նաեւ երկու խրախուսական մրցանակ եւ «Համակրանք» խրախուսական մրցանակը՝ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմի համար: Առաջին խրախուսական մրցանակին արժանացել է Նահապետ Սարգսյանի «Էխո» ֆիլմը (օպերատոր` Վահե Տերտերյան): Երկրորդ խրախուսական մրցանակին արժանացել է ռեժիսոր Անդրանիկ Հարությունյանի «Գորգեր» ֆիլմը (օպերատոր՝ Գաբրիել Միրաքյան):

«Համակրանք» խրախուսական մրցանակը շնորհվել է Անի Հակոբյանին`«Ուղերձ» ֆիլմի համար:

Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները, 10 օր պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից անվճար օգտվելու հնարավորություն կստանան:

Կինոփառատոնին ներկայացված են եղել նաեւ ֆիլմեր, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս համատեքստում փառատոնի հատուկ դիպլոմին է արժանացել Սասնուհի Մանուկյանի «Տատս» ֆիլմը:

Փառատոնի գլխավոր նպատակներից մեկը կինոարտադրության ոլորտում մուլտիմեդիա համակարգերի զարգացումն է եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության խրախուսումը: Այս համատեքստում փառատոնի դիպլոմին է արժանացել Նարե Գալստյանի «Ես եմ» դիպլոմային ֆիլմը, որը նկարահանված է հեռախոսով: