14:57 | 30.03.15 | Նորություններ | 3143
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ) ստարտափ աքսելերացիայի ծրագրի մասնակից 7 ստարտափները Ishkhan Tank կոչվող միջոցառման շրջանակում իրենց նախագծերը ներկայացրել են ներդրող «հայ իշխաններին»:
Միջոցառման կազմակերպման գաղափարն առաջացել է ամերիկյան Shark Tank ռեալիթի շոուի արդյունքում, որտեղ միլիարդատեր ներդրողները, եթերում ծանոթանալով ստարտափներին, անմիջապես ներդրումներ են կատարում նրանցում:
Մարտի 27-ին կազմակերպված Ishkhan Tank-ի ընթացքում «իշխաններ» Ռազմիկ Աբնուսը (EMC Documentum-ի նախկին գլխավոր ինժեներ, ներդրող, խորհրդատու, Կալիֆոռնիա), Պերճ Այվազյանը (Wireless 20/20-ի ավագ վերլուծաբան, ներդրող, խորհրդատու, Բոսթոն), Միշել Դավուդյանը (Groupe Infodis SA France and Belgium-ի հիմնադիր եւ գլխավոր մենեջեր, Հայաստանում Apaga Technologies ընկերության հիմնադիր, Ֆրանսիա) եւ Նարեկ Սողոմոնյանը (Entrance Studios-ի հիմնադիր, Ֆիլադելֆիա) լսել են ստարտափների ներկայացումները եւ հարցեր ուղղել: Մի քանի օր շարունակվող քննարկումներից հետո նրանք կընտրեն լավագույններին եւ կշարունակեն մենթորությունը:
Առցանց ներկայացմանը մասնակցել են Flaxton, Ask on’FLY, Home Planning, Penny, Linguacode, DHUNT եւ Play&learn ստարտափները:
«Աքսելերացիոն ծրագրի շրջանակում անցկացնում ենք տարբեր միջոցառումներ: Արդեն 6-7 շաբաթ է, ինչ արտասահմանից ոլորտի որեւէ հայտնի մարդ օնլայն հանդիպում է անցկացնում թիմերի համար: Օրեր առաջ կապ հաստատեցի Ռազմիկ Աբնուսի եւ Պերճ Այվազյանի հետ, որպեսզի նմանատիպ հանդիպում կազմակերպենք: Նրանք առաջարկեցին, որ կարող են ստարտափներին լսելուց հետո ընտրել լավագույններին եւ հետագա մենթորություն իրականացնել: Ստարտափի համար սա կարեւոր հնարավորություն է շփվել արտասահմանյան շուկան հասկացող մասնագետների հետ»,- Itel.am-ի հետ զրույցում ասել է ՄԻԿ ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը:
Նա նշել է, որ այս փուլում դեռ խուսափում են խոսել ներդրումների մասին՝ հաշվի առնելով այն, որ ստարտափները նոր են: Հետագայում՝ ստարտափի հաջողության հասնելու դեպքում, շատերը կցանկանան նրանում գումար ներդնել:
Itel.am-ի հետ զրույցում Միշել Դավուդյանը խոսել է ստարտափներից ստացած դրական տպավորությունների մասին:
«Հետաքրքիրն այն է, որ ներկայացվող ստարտափներն ընդգրկում են տարբեր բիզնես ուղղություններ: Արդյունքում մենք կընտրենք եւ մենթորություն կանենք նրանցից մի քանիսին: Աշխարհն արագ առաջ է շարժվում, եւ պետք է փորձել հասնել զարգացումների հետեւից: Ինչքան շատ լինեն հայկական ստարտափները, այնքան լավ, քանի որ նրանցից միայն մի քանիսն ի վերջո հաջողության կհասնեն: Եթե չունենանք մեծ քանակությամբ ստարտափներ, դժվար կլինի գտնել նաեւ այդ լավագույններին»,- ասել է նա:
Նարինե Դանեղյան