16:58 | 26.03.15 | Նորություններ | 2297

Երեւանը միավորել է ՏՏ ոլորտի հայ եւ թուրք երիտասարդներին

Այսօր Երեւանում մեկնարկել է «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» ծրագրի քառօրյա դասընթացը, որին մասնակցում են երիտասարդ սկսնակ ձեռներեցների 3-ական թիմեր Հայաստանից եւ Թուրքիայից:

Դասընթացի մասնակիցների ընդհանուր թիվը 15-ն է. նրանք Երեւանից են, Գյումրիից, Ստամբուլից եւ Անկարայից:

Ինչպես Itel.am-ի հետ զրույցում նշել է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ) ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը, թիմերը, դասախոսություններից բացի, կմասնակցեն նաեւ գործնական պարապմունքների:

Փորձնական ներկայացման ընթացքում սկսնակ ձեռներեցները նաեւ իրենց գաղափարները կկիսեն մյուս մասնակիցների, մենթորների եւ դասընթացավարների հետ, ինչը նրանց թույլ կտա պատրաստվել 2015թ. մայիսին նախատեսվող հիմնական ներկայացմանը:

Դասընթացը վարելու են Արսեն Բաբայանը (WorkFront ընկերության որակի ապահովման մենեջեր, Հայաստան), Նազարեթ Սեֆերյանը՝ (ONEArmenia հայաստանյան գրասենյակի տնօրեն, Հայաստան), Էմին Օկուտանը (Viveka Technology Incubator-ի համահիմնադիր, Թուրքիա), Օզան Սյոնմեզը (Նոր վենչուրային աքսելերատորի ղեկավար, Թուրքիա):

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ՝ ՄԻԿ-ի եւ Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի հետ համագործակցությամբ: Նախագիծը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: