15:46 | 18.03.15 | Նորություններ | 1079

Գործարկվել է whyarmenia.am կայքը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) գործարկել է whyarmenia.am («Ինչո՞ւ Հայաստան») կայքը:

Կայքում ներկայացված են հայկական ինժեներական եւ, մասնավորապես, բարձր տեխնոլոգիական ներուժը, հայերի՝ նորարարությամբ զբաղվելու փորձը եւ ներդրումը համաշխարհային տեխնոլոգիական զարգացման ոլորտում:

Կայքում ԻՏՁՄ-ն փորձել է ներկայացնել իր «Ինչու՞ Հայաստան» (Why Armenia?) եւ «Անակնկալ ինժեներական լուծումների» (Surprising Engineering) երկիր հայեցակարգի հիմքում ընկած հիմնական դրույթները:

«Հայաստանը ինժեներական լուծումների հսկայական ներուժ ունի, որը համապատասխան կերպով չի ներկայացվում միջազգային շուկայում: Միջազգային գործարար շփումների ժամանակ հաճախ է հնչում այն հարցը, թե ինչու պետք է համագործակցել հատկապես հայկական ընկերությունների հետ: Պատասխանը հստակ է, որովհետեւ Հայաստանը կարող է տրամադրել անակնկալ ինժեներական լուծումներ, որոնք աչքի են ընկնում որակով, կրեատիվությամբ եւ ճկունությանբ»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Միությունում նշել են, որ այս օրերին Գերմանիայի Հանովեր քաղաքում ընթացող միջազգային CeBIT 2015 ցուցահանդեսում հայկական ընկերություններն արդեն ներկայանում են Why Armenia? եւ Surprising Engineering խորագրի ներքո: