12:27 | 10.03.15 | Նորություններ | 1840

Ամեն ինչ՝ Apple Watch-ի մասին

Apple ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում կայացած Spring Forward միջոցառման շրջանակում մարտի 9-ին ներկայացրել է Apple Watch-ի բոլոր առանձնահատկությունները:

Այսպես, Apple Watch-ի նախնական պատվերները կարելի է կատարել ապրիլի 10-ից, իսկ պաշտոնական վաճառքը կմեկնարկի ապրիլի 24-ին: Գինը կտատանվի $349-ից $10 հազ-ի սահմաններում՝ կախված մոդելից:

Apple Watch-ը կունենա 3 մոդել՝ Apple Watch Sport, Apple Watch եւ Apple Watch Edition.

Երեք մոդելներն էլ ունեն 38 մմ եւ 42 մմ անկյունագծով տարբերակներ:
 
Apple Watch Sport-ը մոդելներից ամենամատչելին է: Այն արժե $349՝ 38 մմ անկյունագծով եւ $399՝ 42 մմ անկյունագծով: Պատրաստված է չժանգոտվող պողպատից եւ հասանելի է փայլուն արծաթագույն եւ սեւ երանգներով: Ի դեպ, ընկերությունն առաջարկում է ժամացույցի շղթան փոխելու հնարավորություն: 



Երկրորդ մոդելը՝ The Apple Watch-ը, շատ ավելի դիմացկուն է, քան Watch Sport-ը: Կախված շղթայի ընտրությունից՝ մոդելի գինը կտատանվի: 38 մմ անկյունագծով մոդելն արժե $549-ից մինչեւ $1049, 42 մմ անկյունագծովը՝ $599-1099:
 


The Watch Edition-ը պատրաստված է վարդագույն կամ դեղին 18-կարատանոց ոսկուց, ինչն էլ մոդելի բարձր գնի հիմնական պատճառներից է: Այն կարելի է ձեռք բերել շուրջ $10 հազ-ով:



Սմարթ ժամացույցի օգնությամբ հնարավոր է կարդալ նորություններ, ստուգել էլփոստը, երաժշտություն լսել. զանգեր ստանալ, վճարումներ կատարել Apple Pay-ի միջոցով, լուսանկարներ ուղարկել, հետեւել զարկերակի աշխատանքին, տեղեկանալ ձեր գտնվելու վայրի մասին: Սմարթ ժամացույցը կարելի է օգտագործել նաեւ հյուրանոցի համարի կամ ավտոտնակի դուռը բացելու, ձայնային հաղորդագրություններ ուղարկելու, երաժշտությունը ճանաչելու եւ այլ գործառույթներ իրականացնելու համար: 

Apple-ը վստահեցրել է, որ իր սմարթ ժամացույցը կարող է առանց լիցքավորման աշխատել 18 ժամ շարունակ: Լիցքավորումը կկատարվի սարքի օգնությամբ, որը կմիանա ժամացույցին՝ ներկառուցված մագնիսի օգնությամբ:

Հ.Գ. Ընկերությունը խելացի ժամացույցի նախնական ցուցադրությունը կատարել էր 2014թ. սեպտեմբերին: