12:08 | 07.03.15 | Նորություններ | 1992

2019-ին Հայաստանը կհյուրընկալի ՏՏ համաշխարհային համաժողովը

Մարտի 9-ին Երեւանում տեղի կունենա 2019թ. Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) անցկացման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Փետրվարի վերջում ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել էր Համաշխարհային ՏՏ ոլորտի 2019-ին կայանալիք համաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկը:

Որոշման եւ կայանալիք համաժողովի մասին Մեդիամաքսը զրուցել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Նաիրա Նիկողոսյանի հետ:

Նրա փոխանցմամբ, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համաշխարհային համաժողովը 2019թ.-ին Հայաստանում կազմակերպելու նախաձեռնությունը ՀՀ կառավարությանը ներկայացվել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության(ԻՏՁՄ) կողմից:

ՀՀ կառավարության աջակցությունը ստանալուց հետո ԻՏՁՄ-ն, 2019թ.-ին համաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկով, դիմել է Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների ալյանսին: 

«Այնուհետեւ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Մեքսիկա` Տեղեկատվական տեխնոլոգիաների 2014թ. համաշխարհային համաժողովին մասնակցելու եւ 2019թ. համաժողովը ՀՀ-ում անցկացնելու առաջարկը ներկայացնելու նպատակով: Համաժողովի շրջանակում ԻՏՁՄ տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը հանդես էր եկել շնորհանդեսով` ներկայացնելով նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի վերջին զարգացումներն ու հաջողությունները, ինչն էական դերակատարում է ունեցել 2019թ.-ին համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունքի ձեռք բերման հարցում», - ասել է Նաիրա Նիկողոսյանը:

Նա նշել է, որ նախորդ տարիներին համաժողովներն անցկացվել են Կանադայում, Նիդերլանդներում, Մալազիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Ավստրալիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ճապոնիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Դանիայում եւ Մեքսիկայում: Համաժողովները հիմնականում կազմակերպվել են աշնանը եւ տեւել են 3 օր:

Ինչ վերաբերում է Հայաստանում համաժողովի անցկացման հստակ վայրին, տեւողությանը եւ ժամկետներին, դրանք կհամաձայնեցվեն Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների ալյանսի տնօրենների խորհրդի հետ: 

2019-ին կայանալիք համաժողովին ակնկալվում է տարբեր երկրներից ժամանած հյուրերի մասնակցություն, ինչպես ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ՝ վերազգային կազմակերպությունների, համալսարանների եւ գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների,  հասարակական կառույցների ներկայացուցիչների:

Արտերկրում կայացած համաժողովներին մասնակցության ծախսատարությամբ պայմանավորված` ՏՏ ոլորտի տեղական ընկերություններից շատերը նախկինում հնարավորություն չունեին մասնակցելու այս կարեւոր միջոցառմանը: Հայաստանում նշված միջոցառման կազմակերպումը մասնակցության, ձեռքբերումների ներկայացման ու նոր գործարար կապերի ստեղծման առումով լավ հնարավորություն կհանդիսանա տեղական ընկերությունների համար:

Նաիրա Նիկողոսյանը նշել է, որ Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովն էապես կնպաստի համաշխարհային տեխնոլոգիական քարտեզին Հայաստանի դիրքավորմանը,

«Այն ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ոլորտի քաղաքականությունը մշակողներին, մասնավոր հատվածի, համալսարանների, հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Հայաստանում նման լայնամասշտաբ միջոցառման անցկացումը լավագույն հնարավորություն կհանդիսանա միջազգային կառույցների եւ ոլորտի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանման ու ընդլայնման, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների եւ ձեռքբերումների ներկայացման, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների եւ ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնման, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար», - եզրափակել է նա: