10:11 | 25.02.15 | Հոդվածներ | exclusive 7892

Անանուն «խոստովանություն»՝ Truthly-ի միջոցով

Ընկերներին ինչ-որ բան խոստովանելը կամ նկատողություն անելը միշտ չէ, որ հեշտ է: Truthly.me հարթակը հնարավորություն է տալիս անկեղծ եւ անանուն «նկատողություններ» անել ընկերներին:

Նախագծի համահիմնադիրներ Հրաչյա Մանուկյանը, Ալեքսանդր Ադամյանը, Միքայել Մանուկյանը եւ թիմի մյուս անդամները ներկայում աշխատում են Truthly մոբայլ հավելվածի ստեղծման ուղղությամբ:

«Truthly.me-ի ստեղծման գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ ծանոթներիցս մեկին ցանկանում էի «նկատողություն» անել, որն իր մեջ շտկելով՝ նա ավելի լավը կդառնար: Դա չէի կարող անմիջապես նրան ասել, քանի որ համոզված էի, որ կնեղանա: Ելք էի փնտրում եւ հասկացա, որ շրջապատումս էլի կան մարդիկ, որոնց ցանկանում եմ ինչ-որ բան ասել, բայց ոչ դեմ առ դեմ: Անհրաժեշտ էր ստեղծել մի համակարգ, որի միջոցով մարդիկ իրենց մասին անանուն կարծիքներ կլսեին»,- Itel.am-ի հետ զրույցում պատմել է Truthly-ի համահիմնադիր Հրաչյա Մանուկյանը:   

2013թ. նա ընկերոջ՝ Ալեքսանդր Ադամյանի հետ միասին ստեղծում է Truthly կայքը, որը գործարկվում է նույն տարվա օգոստոսին: Դրան հաջորդում են ստարտափներին հատուկ գործողություններ՝ ներդրողների փնտրտուք, աքսելերացիոն ծրագրերին եւ մրցույթներին մասնակցություն, թիմի ձեւավորում եւ այլն: Նախագծի մասին գրում է նաեւ միջազգային մամուլը: 

«Ստեղծեցինք մեխանիզմ, որտեղ մարդիկ իրենք պետք է շահագրգռված լինեին՝ շրջապատին իրենց մասին կարծիք հարցնելու: Truthly-ի դեպքում feedback-ի գաղափարն է գործում: Ask.fm-ի ու նմանատիպ մյուս կայքերի կողմից շեշտը դրվում է ոչ թե քո մասին կարծիք հարցնելու, եւ ուրիշի աչքերով քեզ նայելու, այլ ուղղակի հարց ու պատասխանի վրա»,- ասել է Հրաչյա Մանուկյանը:



Նրա խոսքով՝ նման գաղափարների համար ֆինանսավորում ստանալն ավելի բարդ է:

«Սկզբնական փուլում ներդրողներին դժվար է համոզել, որ դու արժեքավոր ինչ-որ բան ես ստեղծել: Որոշ ժամանակ անց հասկացանք, որ պետք է ոչ թե կայք ստեղծել, այլ հավելված, ինչն էլ հիմա անում ենք: Simply Technologies ընկերության հետ համատեղ աշխատում ենք այդ ուղղությամբ: Հավելվածը պատրաստ կլինի շուրջ մեկ ամսից եւ պարբերաբար կթարմացվի»,- պատմել է նա:  

2014թ. մարտին ռուսական շուկա դուրս գալու նպատակով կայքի ինտերֆեյսը ռուսերեն է թարգմանվում: Արդյունքում՝ 2 օրում Ռուսաստանից 2000 մարդ է գրանցվում կայքում:

Ներկայում Truthly.me-ում շուրջ 6500 մարդ է գրանցված: Այս պահին այն ինտեգրված է միայն Facebook-ին, սակայն հեղինակները մտադիր են աշխատել այլ սոցցանցերի հետ եւս:

«Կայքի հիմնական խնդիրը այն անընդհատ օգտագործելու մոտիվացիայի բացակայությունն է: Դուք մտնում եք, ձեր ընկերոջ մասին կարծիք արտահայտում եւ վերջ: Նոր գործարկվող մոբայլ հավելվածում լինելու են լուծումներ, որոնք կնպաստեն, որ մարդը պարբերաբար օգտվի հավելվածից»,- պատմել է Հրաչյա Մանուկյանը:

Truthly-ի միջոցով անանուն եղանակով «խոստովանություն» կարող են գրել միայն այն մարդիկ, որոնք Facebook-ի ձեր ընկերների ցանկում են:

Նրա խոսքով՝ հավելվածը կունենա նաեւ վճարովի գործառույթ, որը թույլ կտա հաղորդագրություններ ստանալ բոլորից: Մյուս վճարովի գործառույթի օգնությամբ՝ հնարավոր է ուղարկած հաղորդագրությունը հետ կանչել:

Հրաչյա Մանուկյանը տեղեկացրել է, որ հավելվածի հաջորդ տարբերակները նաեւ հարցման հնարավորություն են ընձեռելու: Օրինակ, ընկերներին կարելի է հարցնել ձեր տվյալ օրվա արտաքին տեսքի մասին եւ տոկոսային վիճակագրություն ստանալ: 

Նարինե Դանեղյան