12:08 | 24.02.15 | Նորություններ | 1551

    Google-ը մանկական YouTube է ստեղծել

    Google-ը թողարկել է YouTube-ի՝ հատուկ երեխաների համար նախատեսված հավելված՝ YouTube Kids:

    Ինչպես հաղորդում է TechCrunch-ը, հավելվածը նպատակ ունի խոշորագույն վիդեոհոսթինգի օգտագործումը երեխաների համար դարձնել ավելի հարմար եւ անվտանգ:

    Հավելվածն առանձնանում է վառ եւ պարզ դիզայնով՝ տեսանյութերի մեծացված սքրինշոթերով եւ նավիգացիոն կոճակներով, որոնք նպատակ ունեն հեշտացնել երեխաների համար հավելվածից ինքնուրույն օգտվելը: Ձայնային որոնման միջոցով YouTube-ում կարող են նոր բան գտնել անգամ ամենափոքր օգտատերերը, որոնք դեռ գրել չգիտեն:



    YouTube Kids-ի կոնտենտը հատուկ ընտրված է, եւ ներառում է ինչպես ժամանցային, այնպես էլ հատուկ երեխաների համար նախատեսված ուսուցողական տեսանյութեր: Ծնողները կարող են վերահսկել երեխաների կողմից կոնտենտի օգտագործումը՝ ժամային սահմանափակում կիրառելով կամ հասանելի տեսանյութերի ցանկալի ընտրություն կատարելով:

    Հավելվածը Google Play-ում եւ App Store–ում անվճար հասանելի է դեռ միայն ԱՄՆ-ի բնակիչներին:

    Կոնտենտը միայն անգլերեն լեզվով է: