17:08 | 19.02.15 | Նորություններ | 3851
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ բրիտանական BirthLink ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում այսօր նորածնային խնամքի բուժսարքավորումներ են տրամադրվել Արմավիրի ծննդատանը:
Ծննդատանը, մասնավորապես, տրամադրվել են վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկ, տաքացվող ներքնակ, պուլսօքսիմետր, օդափոխման համակարգ, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակ, ներարկման մխոցներ ու այլ սարքավորումներ:
«Երբ իրականացվում է ինչ-որ ծրագիր, հաշվարկվում են դրա արդյունքն ու հնարավոր կորուստները: Դա բիզնեսի օրենքներից մեկն է: Այս ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ բացառում է սխալվելու հավանականությունը, իսկ արդյունքն արձանագրվում է բազմաթիվ ծնողների եւ մասնագետների ժպտացող աչքերում: Երջանիկ եմ BirthLink-ի հետ տարիների մեր համագործակցության համար: Երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքին, ապա փրկության նույնիսկ մեկ ցուցանիշն արդեն հաղթանակ է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2015թ. գերժամանակակից սարքավորումներով կապահովվի 14 ծննդատուն` ներառելով Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու մարզերն ու մայրաքաղաքը:
2008-ից մեկնարկած ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է շուրջ 535 մլն դրամ: