11:32 | 17.02.15 | Նորություններ | 986

    Հայ գործարարի ստեղծած հարթակը պայքարում է «ռունետի» ցանցահենների դեմ

    Հայազգի գործարար Արմեն Ղուլինյանը ստեղծել է Pladform համակարգը, որի օգնությամբ պայքարում է համացանցի ռուսական հատվածում («ռունետ») ցանցահենության դեմ:

    Pladform փլեյերը տեսանյութերի սեփականատերերին հնարավորություն է ընձեռում դրանք օրինական ճանապարհով ցուցադրել տարբեր կայքերում եւ գումար վաստակել:

    Ռուսական RBC-ի հետ զրույցում Արմեն Ղուլինյանը պատմել է, որ Pladform-ը կարողանում է նաեւ հայտնաբերել անօրինական տեսանյութերը, այդ մասին տեղակացնել դրանց հեղինակային իրավունքի սեփականատերերին եւ անօրինական տարբերակը փոխարինել օրինականով:

    Pladform-ի բետա տարբերակը գործարկվել է 2012թ. նոյեմբերին: 2013թ. վերջին մի շարք ընկերություններ եւ անհատներ սկսել են ընկերությունում ներդրումներ անել:

    Ընկերության գլոբալ նպատակներից է համագործակցել «ռունետի» բոլոր այն կայքերի հետ, որոնք արդեն իսկ ունեն տեսանյութերի բաժին կամ նման բաժին ստեղծելու նպատակ: 

    Արմեն Ղուլինյանը որպես Pladform-ի գլխավոր առավելություն նշում է կոնտենտի մատակարարման սեփական հարթակի բացակայությունը:

    «Մեզ մոտ շահերի բախում գոյություն չունի: Զբաղվել մատակարարմա՞մբ, թե՞ զարգացնել սեփական հարթակը. որոշում է գործարարը: Եթե վիդեոհարթակը չունի բացառիկ կոնտենտ կամ իրավունքներ այս կամ այն տեսանյութի դեպքում, ապա մատակարարը, ամենայն հավանականությամբ կընտրի մեր հարթակը»,- ասել է նա:  

    Pladform-ի հեղինակները կոնտենտի սեփականատիրոջ համաձայնությամբ երբեմն տեսանյութերից հատվածներ են առանձնացնում եւ տեղադրում՝ այդպիսով տվյալ տեսանյութի համար ավելի շատ դիտումներ ապահովելով:

    Ներկայում Pladform փլեյերը տեղադրված է ավելի քան 2500 կայքում (woman.ru, muz-tv.ru, afisha.mail.ru, Fishki.net, «Имхонет», «ВКонтакте», «Мой мир», «Одноклассники»), որոնք ապահովում են հարթակի դիտումների շուրջ 40%-ը:

    Արմեն Ղուլինյանի խոսքով՝ Pladform-ը պայմանագրեր ունի ավելի քան 50 սեփականատերերի հետ: Օգտատերերի շրջանում ամենամեծ պահանջարկը վայելում են սերիալները եւ հումորային հաղորդումները:

    Էլեկտրոնային հաղորդակցության ռուսական ասոցիացիայի տնօրեն Սերգեյ Պլուգոտարենկոն նշել է, որ Pladform-ը «ռունետում» ցանցահենության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է: Նրա խոսքով՝  օրինական մեդիաբովանդակությամբ նման հարթակների ստեղծումը դրական միտում է:

    2014թ. դեկտեմբերին հարթակը սկսել է գումար վաստակել նաեւ ԱՊՀ երկրների դիտումների հաշվին:

    Մինչ 2015թ. աշնանային եթերաշրջանի մեկնարկը Pladform-ը նախատեսում է իր համակարգի միջոցով դիտումների թիվը հասցնել ամսական մինչեւ 300-400 մլն-ի: