14:01 | 10.02.15 | Նորություններ | 4831

Orange-ն աջակցում է «Ապահով համացանցի միամսյակ» նախաձեռնությանը

Orange-ը՝ «Հայաստանի ինտերնետ հանրություն» եւ «Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունների հետ համատեղ, նախաձեռնում է «Ապահով համացանց Հայաստան» ծրագիրը:

Ապահով համացանցի օրվա (այս տարի նշվում է փետրվարի 10-ին) առթիվ կազմակերպվող այս ծրագիրը նպատակ ունի համացանցն ավելի ապահով դարձնել երեխաների համար: Այն կազմակերպվում է արդեն չորրորդ տարին:
 
«Ապահով համացանցի միամսյակի» շրջանակում 150 դպրոցի ավելի քան 3000 աշակերտ կմասնակցի բաց դասերի՝ ստանալով համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ եւ ուսումնական նյութեր: Ուսումնական տեսանյութերի միջոցով Orange-ը ծնողներին պատկերավոր կցուցադրի երեխաներին ոչ ցանկալի բովանդակությունից պաշտպանելու հնարավորությունները: Այս կապակցությամբ կկազմակերպվեն նաեւ հատուկ ծնողական ժամեր:

«Վերջին տարիներին Հայաստանում մեծապես աճել է համացանցի օգտատերերի թիվը, ինտերնետն այլեւս շքեղություն չէ, այլ մեր առօրյայի բաղկացուցիչ մասը, եւ, լինելով հայկական շարժական ինտերնետի շուկայի առաջատարը, կարծում ենք, որ չափազանց կարեւոր է կրթել համացանցի օգտատերերին եւ բարելավել անցանկալի բովանդակությամբ կայքերից երեխաների պաշտպանությունը»,- ասել է «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ը 2012-ից առաջարկում է օգտվել Kaspersky Internet Security ծրագրից, որը երեխաների համար ապահովում է պաշտպանություն ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից եւ տրամադրվում է մեկ ամիս անվճար փորձաշրջանով:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն ակտիվորեն օգտագործող երեխաներն ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցի ռիսկերն ու դիմակայել դրա հնարավոր բացասական ազդեցությանը»,- ասել է «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը: 

www.safe.am կայքում տեղադրված են համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ տեղեկություններ եւ խորհուրդներ: