Հայկ Չոբանյանը
17:52 | 23.01.15 | Նորություններ | 2230
Ռուսաստանյան ընկերությունների կողմից Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ակնկալվող ներդրումները, հնարավոր է, որոշակի ռիսկեր պարունակեն:
Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը: Նրա կարծիքով, ռուսաստանյան ներդրումների հետեւանքով հայկական ՏՏ ընկերությունները կարող են իրենց գործունեությունը տեղափոխել ՌԴ շուկա:
«Մեր նպատակն է, որ այդ գործընթացում ՏՏ ընկերությունների գործունեությունը առավելագույնս շարունակվի ընթանալ Հայաստանում, իսկ նրանց ապրանքները եւ ծառայությունները վաճառվեն ԵՏՄ անդամ մյուս պետությունների շուկաներում»,- ասել է Հայկ Չոբանյանը:
Մյուս կողմից, նա հավելել է, որ ԵՏՄ անդամակցությունը նոր հնարավորություններ է ընձեռում:
«Պետք է փորձել առավելագույնս օգտվել այդ հնարավորություններից եւ նվազեցնել առաջացող խնդիրները»,- ասել է նա:
ԻՏՁՄ փոխտնօրենը խոսել է նաեւ արեւմտյան եւ ռուսական շուկաների միջեւ Հայաստանի ՏՏ ոլորտի կամուրջային դերի մասին: Նրա խոսքով, Հայաստանի ՏՏ ոլորտում արեւմտյան ներդրումները ներկայում կազմում են շուրջ 45%, մինչդեռ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների պարագայում այդ ցուցանիշը 24% է, ինչը փաստում է, որ արեւմտյան ներկայացվածությունը Հայաստանի ՏՏ ոլորտում բավական մեծ է:
Հայկ Չոբանյանը տեղեկացրել է, որ այս տարի ապրիլի 1-4-ը Երեւանում կանցկացվի ՏՏ գագաթաժողով, որը համարվում է ՌԴ ՏՏ ընկերությունների ասոցիացիայի ամենամեծ միջոցառումը: