11:19 | 27.12.14 | Նորություններ | 4404

ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցել է Ծովագյուղ համայնքին՝ «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Ծովագյուղ համայնքում ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները:

Նախագծի շրջանակում համայնքում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ, արեւային վահանակներ եւ արեւային «էլեկտրական հովիվ», որը պաշտպանում է գյուղի ընտանի կենդանիներին եւ նորատունկ այգիները գիշատիչներից եւ կրծողներից:

Համայնքի մանկապարտեզում տեղադրված արեւային ջրատաքացուցիչը ջեռուցման էներգաարդյունավետ եւ բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Այս համակարգը ձմռանը 50-60%-ով նվազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը:

Վայրի կենդանիների ներխուժումները կանխելու համար գյուղը կստանա նաեւ արեւային երկու «էլեկտրական հովիվ»` արտադրված ոլորտի առաջին եւ ամենահեղինակավոր Գալագեր կազմակերպության կողմից:

«Բնությունն ինքն է հուշում մարդկությանը, որ կան էներգիա ստանալու ավելի հեշտ եւ մատչելի տարբերակներ, որոնցից մենք կարող ենք օգտվել: Զարգացող երկրների համար այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը կարեւոր է, քանի որ դա տնտեսապես շահավետ տարբերակ է: Էլեկտրաէներգիայի համար վճարվող գումարը կարելի է օգտագործել կենսական այլ խնդիրներ լուծելու եւ կյանքի պայմանները բարելավելու նպատակով: Հայաստանում այդ առումով առավել խոցելի են մարզերը, հատկապես այն բնակավայրերը, որտեղ ձմեռն ավելի երկար է: Մենք աջակցում ենք «Այլընտրանքային էներգիա» ծրագրին, որովհետեւ այն ուղղված է երկու կարեւոր հարցի լուծմանը` շրջակա միջավայրի պահպանությանը եւ գյուղական համայնքների բնակիչների բարեկեցությանը նպաստելուն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: