11:59 | 05.12.14 | Նորություններ | 3074
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Արմավիրի մարզի Լուկաշին համայնքը ջրամատակարարման նոր համակարգ կունենա:
Շուրջ 2600 բնակիչ ունեցող գյուղի որոշ թաղամասերի առհասարակ ջուր չի մատակարարվել, իսկ զգալի մասում գործել է մատակարարման երկժամյա գրաֆիկ:
4 համայնքներում ջրի կորուստները կանխելու եւ մատակարարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գարնանը համաձայնագիր էին ստորագրել:
Բացի 4,2 կմ երկարություն ունեցող մայր ջրագծից, Լուկաշինում կառուցվող ջրամատակարարման ներքին ցանցի երկարությունը կազմելու է շուրջ 12,2 կմ:
Իրականացվող աշխատանքների արդյունքում ակնկալվում է ջրամատակարարման գրաֆիկի բարելավում (օրական 2 ժամից մինչեւ շուրջօրյա), խմելու ջրի անվտանգության բարձրացում, ցանցում վթարների թվի կրճատում, ինչպես նաեւ ջրի եւ էներգիայի խնայողություն:
Ծրագիրն արդեն 70 տոկոսով իրականացվել է:
Եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրից, ընդհանուր առմամբ, օգտվելու է 4 համայնքի ավելի քան 6800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ: