17:07 | 14.11.14 | Նորություններ | 1590
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական մանկավարժական համալսարանում այսօր բացվել է «Նաիրի» ինժեներական լաբորատորիան, որտեղ կպատրաստվեն մասնագետներ՝ դպրոցների ինժեներական խմբակներում դասավանդման համար:
Լաբորատորիան կդառնա նաեւ նոր ծրագրերի կազմման եւ մեթոդաբանական ձեռնարկների մշակման ժամանակակից կենտրոն։
«Նաիրի» համընկերությունը ստեղծվել է հայաստանյան տեխնոլոգիական մի քանի ընկերությունների գործընկերությամբ՝ հիմք դնելով Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված կրթական նոր հարթակի: Այն կրթություն եւ բիզնես համագործակցության հաջող օրինակ է եւ ուղղված է կրթելու ժամանակակից տեխնոլոգիական հմուտ աշխատուժ, որը բավարարում է աշխատանքային շուկայի ներկա պահանջներին, պատրաստ առաջարկելու արդյունաբերության մեջ առկա խնդիրների լուծումներ։
«Նաիրի համընկերության կրթական ծրագրերն եւ լաբորատորիաները նպատակ ունեն դպրոցականների ուղղորդել դեպի տեխնիկական ոլորտներ՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն եւ ինդուստրիալ ավտոմատացում։ Ծրագրերը հիմնված են գործնական առաջադրանքների վրա եւ խթանում են ստեղծագործ մտածելակերպը՝ աշակերտներին դեռ վաղ տարիքից սովորեցնելով թիմային աշխատանքին եւ համագործակցությանը։ Դրանք կառուցված են ուսուցման առաջատար մեթոդաբանության եւ գործիքների վրա եւ երեխաներին հնարավորություն են տալիս յուրացնել մաթեմատիկայի եւ ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքները, ծրագրավորման եւ ռոբոտաշինության հիմունքները», - ասել է Ինստիգեյթ ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը:
ՀՊՄՀ-ում «Նաիրի» լաբորատորիայի տեղադրմանը հովանավորել է Մենթոր Գրաֆիկս ընկերությունը, որ մեծ նշանակություն է տալիս տեխնոլոգիական կրթության զարգացմանը եւ պարբերաբար իրագործում է բազմաթիվ կրթական եւ գիտահետազոտական ծրագրեր:
«Այս լաբորատորիայի ստեղծումը հնարավորություն կտա Մանկավարժական համալսարանում բարձրորակ մասնագետներ պատրաստել, ովքեր հետագայում կդասավանդեն Հայաստանի դպրոցներում՝ «ԱրմՌոբոտիկս» ծրագրի շրջանակներում», - ասել է Մենթոր Գրաֆիկս ընկերության տնօրեն Իրինա Դումանյանը: