20:39 | 24.10.14 | Նորություններ | 1981
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում են երկու նոր կրթական ծրագրերի մեկնարկի մասին:
Առաջին ծրագիրը հիմնված է «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցադրության վրա, որի շրջանակներում նախատեսվում է շրջայց ցուցասրահում, վավերագրական ֆիլմի դիտում Քոչարի կյանքի եւ գործունեության մասին եւ ստեղծագործական միջոցառումներ: Երկրորդ ծրագիրն անց է կացվում «Երեւանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցադրության շրջանակներում եւ ներառում է ծանոթություն ներկայացված նմուշներին, ափսեների ստեղծման պատմության մասին տեսանյութի դիտում եւ ստեղծագործական միջոցառումներ: Ծրագրերը նախատեսված են ընտանեկան եւ դպրոցական այցերի համար:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ նոր ծրագրերը հնարավորություն կտան երեխաներին ու նրանց ծնողներին հաղորդակցվել արվեստի պատմությանը եւ նոր բացահայտումների միջոցով հարստացնել իրենց գիտելիքները: Ուրախ ենք, որ կենտրոնի հետ Beeline-ի համագործակցությունը թեւակոխում է նոր փուլ եւ նոր հեռանկարներ բացում ընկերության սոցիալական քաղաքականության իրագործման համար` դարձնելով մարդկանց կյանքն ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնն ուրախությամբ հայտարարում է երկու նոր կրթական ծրագրերի մեկնարկի մասին, որոնք նախատեսված են դպրոցական եւ ընտանեկան այցերի համար եւ իրականացվում են Beeline ընկերության հետ ունեցած համագործակցության շրջանակներում։ Համոզված ենք, որ ինչպես կենտրոնի նախորդ կրթական նախաձեռնությունները, այս ծրագրերը նույնպես կդառնան նոր բացահայտումների առիթ մասնակիցների համար եւ նորովի կխթանեն երեխաների երեւակայությունը եւ ստեղծագործական մտածողությունը», - ասել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանը։
Ծրագրերին մասնակցությունն անվճար է։