12:02 | 11.10.14 | Նորություններ | 2225

Գործարկվել է Manager.am-ը՝ օնլայն գովազդի առաջին հայկական մենեջերը

Կայքերի պատասխանատուները հաճախ են բախվում գովազդատուներ գտնելու խնդրին: Բայց առավել բարդ գործընթաց է վերջիններիս համոզել, որ հենց իրենց կայքում է պետք գովազդ տեղադրել:

Այս խնդրի լուծումը գտել է Webmaker Studio-ն՝ գործարկելով օնլայն խանութի կառուցվածքով Manager.am հարթակը: Այն կայքերի պատասխանատուներին եւ գովազդատուին հնարավորություն է տալիս կապ հաստատել միմյանց հետ եւ փոխշահավետ համագործակցություն ծավալել:  

Համակարգը նախատեսված է թե ֆիզիկական եւ թե իրավաբանական անձանց համար: Գովազդատուները եւ կայքերի պատասխանատուները կարող են գրանցվել կայքում եւ կապ հաստատել ներքին հաղորդագրությունների համակարգի միջոցով: Ծանոթանալով ներկայացված կայքերին, գովազդատուն կարող է վայրկյանների ընթացքում տեղեկանալ 1000 դիտման համար սահմանված գնին եւ գովազդ տեղադրելու մնացած պայմաններին:

Հնարավոր է, որ կայքը ներկայացված լինի հարթակում, սակայն այդ պահին ազատ գովազդային հարթակ չունենա: Այս պարագայում եւս այն հասանելի կլինի՝ նշումով, որ տվյալ պահին հարթակը զբաղված է: Սա հնարավորություն կտա գովազդատուներին հաշվի առնել ապագայում տվյալ հարթակում գովազդ տեղադրելու հնարավորությունը:

Գովազդի դիմաց վճարման գործընթացը եւս կատարվում է նույն օնլայն հարթակի միջոցով: Եթե դուք կայքի պատասխանատու եք եւ, օրինակ, 10 000 դիտման պատվեր եք ստացել, ապա փոխանցվելիք գումարը սառեցվում է ձեր հաշվին եւ պատվերը կատարելուց անմիջապես հետո, 10.000-րդ ցուցադրությունը լրանալուն պես, նստում հիմնական հաշվի վրա:

Կայքի յուրաքանչյուր այցելու կարող է ներքին հաղորդագրությունների համակարգի միջոցով հարցեր ուղղել տվյալ կայքի պատասխանատուին, իսկ “Հարց եւ պատասխան” բաժնում կարելի է գտնել կայքից օգտվելու հիմնական քայլերի նկարագրությունը:

Manager.am-ը ապահովում է նաեւ պատվիրված գովազդի վիճակագրության հասանելիությունը թե տվյալ կայքի պատասխանատուներին, թե գովազդատուին: Վիճակագրությունը ներառում է օրական ցուցադրությունների քանակի, ընդհանուր ցուցադրությունների քանակի, գովազդային վահանակի վրա քլիքերի քանակի, այցելուների աշխարհագրության եւ մի շարք այլ տվյալներ: 

Manager.am օնլայն հարթակը մոտ ապագայում սկսելու է տրամադրել նաեւ էլփոստի եւ սոց ցանցերի գովազդային ծառայություններ: Օրինակ, եթե դուք ունեք բժշկական ուղղվածության կայք, եւ դրան էլ. փոստով բաժանորդագրված որոշակի քանակությամբ թիրախային լսարան, ապա, հնարավոր է, որեւէ դեղագործական ընկերություն՝ ունենալով նույն թիրախային լսարանը, կցանկանա օգտվել ձեր բաժանորդագրությունների ցանկից՝ գումարի դիմաց:

Նախատեսվող հաջորդ նորարարությունը սոցցանցերում ստատուսների գովազդն է, այսինքն՝ սոցցանցերի հայտնի դեմքերը կկարողանան վաճառել իրենց ստատուսները: Եթե  դու հայտնի դեմք ես եւ քեզ բաժանորդագրվել է, օրինակ, 10 հազար մարդ, ապա կարող է գտնվել պատվիրատու, ով ցանկանա, որ դու որոշակի գումարի դիմաց գովազդես իր ապրանքը: Միջազգային պրակտիկայում սա ընդունված երեւույթ է: Օրինակ, Փերիս Հիլթոնը Թվիթերում իր մեկ թվիթը վաճառում է $4600-ով:

Manager.am-ը start up նախագիծ է, այս պահին ընթանում է կայքերի գրանցման փուլը: Երբ հավաքվեն որոշակի թվով կայքեր, եւ գովազդատուները լայն ընտրության հնարավորություն ստանան, կսկսվի գովազդատուներին կայքի աշխատանքներում ներգրավելու գործընթացը:

Նարինե Դանեղյան