17:48 | 08.10.14 | Նորություններ | 2567
Տեսողության համաշխարհային օրվա նախօրեին Orange Հիմնադրամի, Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի եւ Հայ օգնության ֆոնդի համատեղ ջանքերով Երևանում բացվել է նոր Բրայլյան տպիչներով հագեցած ռեսուրս կենտրոն՝ տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար:
Orange Հիմնադրամի հատկացրած 4.5 մլն դրամով ձեռք բերված Բրայլյան նոր տպիչները դպրոցի սաներին թույլ կտան ուսումնական գործընթացում օգտվել ուսումնակրթական ժամանակակից նյութերից, որոնք նախկինում հասանելի չէին՝ պայմանավորված անհրաժեշտ սարքավորումների եւ ռեսուրսների բացակայությամբ:
Կենտրոնը տեղակայված է թիվ 14 հատուկ դպրոցում, ուր հաճախում են տեսողության տարբեր աստիճանի խնդիրներ ունեցող 89 երեխաներ: Այն հանրապետության միակ դպրոցն է, որտեղ ուսուցումն իրականացվում է Բրայլյան գրի կիրառմամբ:
«Այս նախաձեռնությամբ մենք ուրախ ենք լրացնել Տեսողության համաշխարհային օրվան ընդառաջ Հայկական ակնաբուժության նախագծի հետ համատեղ իրականացվող մեր «1 selfie = 1 ակնոց» նախագծի առաքելությունը, որը դեռ շարունակվելու է մինչև վաղը և հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին պարզապես ուղարկել իրենց ինքնանկարը եւ այդպիսով օգնել մեկ երեխայի ստանալ ակնոց», - իր խոսքում նշել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:
«Այս կենտրոնի հիմնադրմամբ մեր համեստ ներդրումն ենք ունենում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց՝ հասարակությունից մեկուսացվածության մակարդակի նվազեցման գործում և ապահովում ենք վերջիններիս հասանելիությունը տեղեկատվությանը, քանի որ բոլոր մարդիկ հավասար են իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով», - ասել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Թուհադյանը:
Նորաբաց կենտրոնը կծառայի նաեւ տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներին, Մանկավարժական համալսարանում տիֆլոմանկավարժություն ուսումնասիրող ուսանողներին եւ Հայաստանի կույրերի միավորման անդամներին:
Հիշեցնենք, որ Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի համագործակցության շնորհիվ 2011 թ-ից ի վեր Հայաստանի մարզերում բնակվող ավելի քան 66 հազ. մարդ ստացել է անվճար ակնաբուժական ծառայություններ, որոնցից ավելի քան 5 հազ.-ը՝ անվճար վիրահատություն կամ լազերային բուժում: